Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ո՞վ է սատանան

Այս հոդվածը ամփոփ կերպով ներկայացնում է սատանայի ով լինելը: Ո՞վ է նա և արդյո՞ք վտանգ է ներկայացնում ձեզ համար:

Մուլտֆիլմերում կամ երգիծական պատկերազարդումների մեջ սատանան պատկերվում է որպես մի մեղմիկ և ոչ այնքան վտանգավոր մեկը, ով մարդուն դրդում է զվարճալի սխալներ կամ չարաճճիություններ անել…Իրականում սատանան ինչ ասես կարող է լինել, բացի «մեղմիկ մեկը» լինելուց:

Ո՞վ է սատանան: Նա Աստծո մրցակիցը չէ, քանի որ ոչ ոք չի կարող Աստծուն հավասարազոր մրցակից լինել: Աստված միշտ գոյություն է ունեցել, և տիեզերքում գոյություն ունեցող ամեն բան, ներառյալ հրեշտակները, արարվել են Նրա կողմից:

Սատանան (երբեմն անվանվում է նաև Արուսյակ կամ Լյուցիֆեր) մի հրեշտակ է, ով ապստամբեց Աստծո դեմ: Նա ոչ միայն Աստծո, այլև ողջ մարդկության թշնամին է: Նա անկոտրում է իր առաքելության մեջ: Նրա առաքելությունն է՝ սպանել, կործանել և ստրկացնել մարդկանց: Աստվածաշունչը զգուշացնում է մեզ. «Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե ում կուլ տա»1:

Սատանայի զորությունը անհամեմատելիորեն թույլ է Աստծո զորությունից, սակայն մարդկանց համար այն իրական վտանգ է ներկայացնում և ունակ է կործանելու անհատի կյանքը:

Սատանան մի հիմնական մարտավարություն ունի՝ նա խաբում է մեզ: Նա փորձում է խաբեության մատնել անհատներին, երկրներին, ողջ աշխարհը: Նա ծռում ու աղավաղում է ճշմարտությունը, և նրա ստերը օժտված են իրական զորությամբ:

Դր. Նեյլ Անդերսոնը մի խորաթափանց դիտարկում է արել: Նա ասում է, որ Աստվածաշունչը սատանային երեք որակում է տալիս.
      - գայթակղող
      - մեղադրող
      - ստության հայր

Դր. Անդերսոնը նշում է. «Եթե ես նպատակ ունենայի գայթակղելու ձեզ, ապա դուք չէիք իմանա դրա մասին: Եթե մեղադրեի ձեզ, ապա դա կանեի առանց ձեր գիտության: Եվ եթե խաբեի ձեզ, կձգտեի դա անել այնպես, որ գլխի չընկնեք, որ խաբվել եք: Սատանային զորությունը ստի մեջ է: Եթե մերժեք սուտը, մերժած կլինեք նրա կործանարար զորությունը»:

Ի՞նչ կերպով է սատանան ստում:

Ահա՛ մի քանի օրինակ.

Աստված Ադամին ու Եվային արարեց ընտրելու և որոշումներ կայացնելու ազատ կամքով, ճիշտ այնպես, ինչպես մերօրյա մարդիկ են օժտված այդ իրավունքով: Եդեմի պարտեզում, հավանաբար, հարյուրավոր պտղատու ծառեր կային: Միակ հրահանգը, որ Աստված տվել էր Ադամին ու Եվային, մի ծառի պտղից ուտելու արգելքն էր: Դա մի հստակ հրահանգ էր, որին նրանք պետք է հնազանդվեին. «Մի՛ կերեք այդ ծառի պտղից, այլապես կմահանաք»: Պարզ և հստակ:

Սակայն սատանան կարողացավ համոզել Եվային. «Եվ օձը կնոջն ասաց՝ բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը, որ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք՝ բարին և չարը իմացող»2:

Սատանան խաբեց Եվային՝ վստահեցնելով նրան, թե Աստված մի հիասքանչ բանից է նրանց զրկում՝ մի պտղից, որը նրանց դարձնելու էր Աստծո նման: Արդյոք լավ չէ՞ր լինի, եթե նրանք անեին սատանայի ասածը: Խնդիրն այն է, որ սատանայի ասածը սուտ էր: Ադամն ու Եվան հավատացին սատանայի ստին, այլ ոչ թե Աստծո ճշմարտությանը: Այս ամենը սարսափելի հետևանքներ ունեցավ:
Ահա՛, սա սատանայի գործելաոճի վառ օրինակ է: Նա նենգափոխում է ճշմարտությունը, որպեսզի կարողանա վնասել մարդկանց:

Ինչպե՞ս է սատանան մեղադրում Աստծուն

Սատանայի մեծագույն փափագը մարդկանց Աստծուց հեռու պահելն է: Նա ձգտում է կա՛մ ձեզ մոլորեցնել, որ մերժեք Աստծո գոյության փաստը, կա՛մ ստով ու կեղծիքների օգնությամբ սխալ ներկայացնեք Աստծո բնույթը:
Ահա՛ մի օրինակ.

Աստված կրկին ու կրկին հաստատում է մեր հանդեպ Իր ունեցած սերը. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դորա համար քաշեցի քեզ ողորմությունով»3: «…ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ…»4: «Տեսե՛ք, թե Հայրն ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ…»5: «Որովհետև Աստված այնպե՜ս սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»6:

Այդ դեպքում ինչո՞ւ է սատանան ասում. «Աստված քեզ չի սիրում: Նայի՛ր կյանքիդ խնդիրներին: Եթե Աստված սիրեր քեզ, այդ խնդիրները քո կյանքում չէին լինի»: Համոզիչ է հնչում, այնպես չէ՞:

Բոլոր մարդիկ էլ բախվում են խնդիրների. դրանք մեր կյանքի անխուսափելի մասն են:
Այն, ինչը սատանան չի բարեհաճում ասել, հետևյալն է՝ եթե Աստծո հետ հարաբերություն հաստատես ու Նրան հուսաս, Նա կարող է քեզ հանել այդ խնդիրների ճահճից: Դու չպետք է կքես կյանքի բեռան ծանրության տակ, Աստված քեզ իմաստություն և իրական զորություն կտա և Իր օգնության և սեփական ջանքերիդ շնորհիվ դու դրանք կլուծես ու կհաղթահարես: Եվ ոչ միայն սա…
Դժվարությունների ժամանակ Տերն ասում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ…»7: Ինչո՞ւ: Ինչպե՞ս…Այդպես, որովհետև բոլորս գիտենք, որ Աստծուն կարելի է վստահել:

Առանց Աստծո մարդն Աստվածաշնչում նկարագրվում է որպես «այս աշխարհի մեջ անհույս մեկը»: Սա Աստծո կամքը չէ որևէ մեկի համար:

Ինչպե՞ս է սատանան մեղադրում ձեզ

Սատանան ոչ միայն փորձում է խեղաթյուրել Աստծո՝ բարի լինելու ճշմարտությունը, այլև մեզնից է չարախոսում Աստծո մոտ: Նա այս նույնը արեց Հոբ անունով մի մարդու դեպքում: Նա ասում էր, որ եթե Հոբի կյանքում տառապանք գա, ապա վերջինս կանիծի Աստծուն, սակայն Հոբը երբեք այդպես չարեց: Սատանան ձգտում է մարդուն նվաստացնել և մեղադրել Աստծո մոտ:

Սակայն սա դեռ ամենը չէ: Սատանան, մարդուն մեղադրելով, այդ մեղադրանքը վերածում է դատապարտության:

Նա փորձում է համոզել, թե՝ «Աստված չի ընդունում քեզ: Դու երբեք բավարար չափով սուրբ չես լինի: Նայի՛ր քո կյանքի ողջ աղբին, բոլոր անկումներին, գործած մեղքերին ու կապվածություններին: Աստված երբեք չի ընդունի քեզ նման մեկին և երբեք չի ցանկանա հարաբերվել քեզ հետ»:

Կրկին… Սա ամբողջովին ստախոսություն է: Աստված հստակ է այս հարցում՝ մեզնից ոչ ոք չպիտի դառնա կատարյալ «լավը», որ ընդունելի լինի Աստծո համար, և ոչ էլ Նա պահանջում է մեղքից լիովին ազատ կյանք, որպեսզի հարաբերություն հաստատի մեզ հետ:

Սատանայի մասին Հիսուս ասում է. «Նա սկզբից մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև ճշմարտություն չկայ նրանում: Երբ սուտ է խոսում, իրենից է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը»8:

Աստծո և սատանայի մոտեցումների միջև տարբերությունն ուղղակի ցնցող է: Հիսուս ասում է. «Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու համար: Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»9:

Հիսուս Իրեն հավատացողներին ասում է. «Եթե դուք Իմ խոսքի մեջ մնաք, ճշմարտապես Իմ աշակերտներն էք։ Եվ ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը կազատի ձեզ»10:

Սատանայի ստերին հավատալու փոխարեն, հնարավորություն կա ծանոթանալու Աստծո և մեր կյանքի ու հարաբերությունների մասին աստվածաշնչյան ճշմարտություններին: Թեև սատանան մեծ ցանկություն ունի մեզ իր ստախոսությամբ ստրկացնելու, սակայն Աստված ուզում է, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտությունը, ազատ լինենք և ապրենք իրական կյանքի վայելքը:

Բացի այն, որ սատանան ստախոս է և մեղադրող, նա ստերի միջոցով նաև գայթակղում է մարդկանց, որպեսզի նրանք ընկնեն ստրկության և մոլությունների մեջ: «Օ՜, մեկ անգամը քեզ ոչինչ չի անի: Գնա՛ և մի վախեցիր: Ոչ ոք չի իմանա դրա մասին: Դու ոչ մեկի վնաս չես տալիս դրանով: Եվ այնքա՜ն լավ կզգաս քեզ…»:

Ինչպե՞ս վարվել սատանայի հետ

Եթե անգամ որոշել եք Աստծո հետ հարաբերության մեջ մտնել, հնարավոր է դեռ, որ ենթակա լինեք սատանայի գայթակղություններին: Այնուամենայնիվ, բազմաթիվ իրավիճակներում կիմանաք նաև, թե որն է ճշմարտությունը, ավելի քիչ հակված կլինեք հանձնվելու, համոզված կլինեք, որ սատանան ստախոս է, և քիչ հավանական է, որ ընկնեք անհուսության, շփոթմունքի ու վախի մեջ: Ավելին, այս ամենի մեջ Աստված Իր օգնության ձեռքն է մեկնում ձեզ:
Աստվածաշունչն ասում է. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից: Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից ավելի փորձվելու, այլ փորձության հետ ելք էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ»11:

Ո՞վ է սատանան: Գայթակղող, չարախոս ու ստախոս մեկը: Նրա նպատակը մարդկանց Աստծուց հեռու պահելն է, որպեսզի նրանք միայն սատանայի ստերին հավատան՝ միանալով նրա ապստամբությանն ընդդեմ Աստծո և, ի վերջո, կործանվեն նրա հետ միասին:

Աստծո և ձեր կյանքի մասին նրա ասած ոչ մի խոսք չի համապատասխանում ճշմարտությանը:
Մյուս կողմից՝ Աստված փափագում է ձեզ հետ հարաբերություն ստեղծել և Իր սիրով ջերմացնել: Նա չի ստեղծել ձեզ, որ ապրեք խավարի ու շփոթմունքի մեջ, այլ որ ճանաչեք ճշմարտությունը: Հիսուս ասում է. «Ես եմ աշխարհի Լույսը: Ով Իմ հետևից գա, նա խավարումը չի ընթանա, այլ կյանքի լույսը կընդունի»12:

Գիտե՞ք արդյոք, որ կարող եք այսպիսի հարաբերություն սկսել Աստծո հետ: «Անձամբ ճանաչելով Աստծուն» հոդվածը այդ հարցում կօգնի ձեզ:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Ա Պետրոս 5:8 (2) Ծննդոց 3:4,5 (3) Երեմիա 31:3 (4) Ա Հովհաննես 4:10 (5) Ա Հովհաննես 3:1 (6) Հովհաննես 3:16 (7) Հովհաննես 14:27 (8) Հովհաննես 8:44 (9) Հովհաննես 10:10 (10) Հովհաննես 8:31 (11) Ա Կորնթացիս 10:13 (12) Հովհաննես 8:12

Կիսվել ուրիշների հետ:  

TOP