Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Որտե՞ղ է Աստված

Որտե՞ղ է Աստված: Մարդիկ ասում են՝ ցո՛ւյց տվեք մեզ Աստծուն: Եթե Աստված անտեսանելի է, ապա ինչպե՞ս կարող է երևալ մարդկանց:

Պատկերացրեք երկու մարդու, որոնք ապրում են մի սովորական թղթի վրա՝ հարթ տարածության մեջ: Այս մարդիկ երկչափ տարածության մեջ են, նրանք ընկալում են երկարությունն ու լայնությունը, սակայն պատկերացում անգամ չունեն խորության կամ բարձրության մասին: Թղթի հարթությունը սահմանափակում է աշխարհընկալման նրանց պատկերացումները երկչափ տարածության մեջ: Արդյո՞ք նրանք կարող են տեսնել Ձեզ: Ո՛չ: Նրանք կարող են տեսնել միայն այն, ինչը թղթի վրա է՝ իրենց աշխարհում: Նրանք խորությունն ընկալելու ունակություն չունեն: Այժմ, ենթադրենք, Ձեր մատով հպվում եք այդ թղթին: Իսկ հիմա նրանք կարո՞ղ են տեսնել Ձեզ: Ո՛չ, նրանք չեն կարող Ձեզ տեսնել ամբողջությամբ, սակայն կարող են տեսնել Ձեր մատի թողած հետքը՝ այն մասը, որը մուտք գործեց նրանց աշխարհ:

Աստված անտեսանելի է

Սա ուղղակի համեմատություն է, որը նկարագրում է մեր ընկալումներն Աստծո մասին, որովհետև Աստված մեր չափողականությունից դուրս է: Նա վեր է ժամանակից և մեր ընկալած չափողականությունից, հետևաբար և՝ մեզ համար դժվար է Նրան «տեսնելը»: Մենք նման ենք թղթի սեղմ տարածության մեջ տեղավորված այն մարդկանց՝ միայն մի տարբերությամբ, որ չորս չափողականություն ունեցող միջավայրում ենք՝ երկարություն, լայնություն, խորություն և ժամանակ: Իսկ Աստված այդ չափողականություններից վեր է:

Այսպիսով՝ որտեղի՞ց գիտենք Աստծո գոյության մասին: Ճիշտ ինչպես «թղթի մարդիկ» չեն կարող իմանալ Ձեր մասին, քանի դեռ չեք հպվել թղթին, այնպես էլ մենք չենք կարող ընկալել Աստծուն, քանի դեռ Նա Ինքը չի հայտնել Իր մասին և չի հայտնվել մեր առջև: Նա պետք է «հպվի մեր աշխարհի թղթին» և իջնի «ստորին չափողականություններ»:

Անտեսանելի Աստված հայտնում է Իրեն

Մարդկային և հատկապես կրոնների պատմությունն ուսումնասիրելիս արդյո՞ք հանդիպում ենք դեպքերի, երբ Աստված «հպվել է աշխարհի թղթին»: Պատկերացրեք՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ Աստծո «մատը» հպվել է մեր աշխարհին: Հիսուս Իր գործերով պատմում էր, որ Ինքն Աստված է1, որ Իրեն տեսնել նշանակում է տեսնել Հորը2, որ Ինքը միակն է, Ով այս աշխարհ է եկել ուղղակիորեն Աստծո մոտից3: Նա նաև ներում էր մարդկանց մեղքերը, ինչը միայն Աստված կարող էր անել4: Նոր Կտակարանի շատ հատվածներում է խոսվում Հիսուսի Աստված լինելու մասին5: Նա Աստված է, Ով «մարմին հագավ ու բնակվեց մեր մեջ»6, Նա «անտեսանելի Աստծո պատկերն է»7:

Եթե համարենք, որ մենք այդ «թղթի մարդիկ» ենք, ապա հասկանալի կդառնա, թե ինչո՛ւ բազմաթիվ չափողականություններում գոյություն ունեցող Աստված որոշեց մարդկային էակի տեսքով մուտք գործել մեր՝ չորս չափողականություն ունեցող աշխարհ:
Աստված Իրեն այս կերպ հայտնեց մարդկանց, սակայն ինչո՞ւ Նա այդ արեց:

Ինչո՞ւ Նա եկավ

Մի պատմություն կա ծեր գյուղացու մասին, ով միայնակ ապրում էր ցախատան կողքի խրճիթում: Ձմռան մի շատ ցուրտ գիշեր թռչուններն սկսեցին հարվածել տաքուկ խրճիթի պատուհաններին՝ փորձելով փրկվել մահաբեր ցրտից: Ծեր գյուղացին դուրս եկավ իր խրճիթից և բացեց ցախատան դուռը: Այնտեղ նույնպես տաք էր: Նա ձեռքով արեց և կանչեց թռչուններին դեպի ցախատուն, որ գան և պատսպարվեն ահավոր սառնամանիքից, սակայն թռչունները չհասկացան նրան:
Այդ ժամանակ ծերունին ինքը ցանկացավ դառնալ թռչուն. եթե միա՜յն նրանցից մեկը դառնար, ապա մյուս թռչուններին կառաջնորդեր դեպի ցախատուն և կփրկեր: Եվ... հենց այդ նույն ակնթարթին ծեր գյուղացին հասկացավ, թե ինչու՛ Հիսուս եկավ այս աշխարհ:
Այս ծեր մարդը չէր կարող թռչուն դառնալ, սակայն Աստված կարողացել էր մարդ դառնալ: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»8:

Աստծո այս աշխարհ գալու մասին ավելին իմանալու համար տե՛ս «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Հովհաննես 8:58, 17:3 (2) Հովհաննես 12:45; 14:9 (3) Հովհաննես 3:13 (4) Մարկոս 2:5 (5) Հովհաննես 1:3,4,18; Եբրայեցիս 1:1-13; Կողոսացիս 1:15-20, 2:9; Փիլիպեցիս 2:6 (6) Հովհաննես 1:14 (7) Կողոսացիս 1:15 (8) Հովհաննես 3:16

Կիսվել ուրիշների հետ:  

TOP