Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Հիսուսը և կանանց իրավունքները

Այս թեման խիստ հակասական է Մերձավոր Արևելքի մշակույթի համար, և ահա, թե ինչպիսին էր Հիսուսի վերաբերմունքը այս հարցին:

Հիսուս Քրիստոսն ապրել է 2000 տարի առաջ մերօրյա Իսրայելի տարածքում: Կանանց իրավունքների վերաբերյալ նրա մոտեցումը միանգամայն դեմ էր Մերձավոր Արևելքի մշակույթին և՛ այն ժամանակ, և՛ հիմա: Այնտեղ կանանց հաճախ էին վերաբերվում որպես ինչքի: Հրեա րաբբիները տաճարում իրենց աղոթքն սկսում էին հետևյալ խոսքերով. «Օրհնյալ ես, Ո՜վ Տեր, որ ինձ կին չես ստեղծել»:

Կինն ամուսնուց բաժանվելու իրավունք չուներ, սակայն ամուսինը ցանկացած պատճառով կարող էր բաժանվել կնոջից և ոչ մի ֆինանսական պատասխանատվություն չկրել նրա խնամքի համար: Նա պարզապես արձակման թուղթ էր տալիս կնոջը և վերջ:

Կանայք տղամարդկանց ստորադասներն էին և մեկուսացված էին հասարակական ու հոգևոր կյանքից: Նրանց հազվադեպ էր թույլատրվում Թորա ուսանել՝ նույնիսկ առանձնացված միջավայրում:

Հիսուսը մերժում էր կանանց հանդեպ նման վերաբերմունքն ու ընդունված չափանիշները:

Նա բուժում և հրաշքներ էր գործում հավասարապես թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կյանքում: Սովորեցնում էր և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Նա չէր նայում մարդկանց կրոնական դիրքին, սոցիալական ծագմանն ու ապրելակերպին: Հիսուսը սիրում էր մարդկանց և շատ բարյացակամ կերպով շփվում էր նրանց հետ՝ լինեին դրանք գողեր, անառակներ, բորոտներ, ցածր խավի կանայք, թե ուրիշներ:

Գրող Ֆիլիպ Յանսին գրում է. «Կանանց և մյուս մերժված մարդկանց աչքի առջև Հիսուսը տակնուվրա էր անում այդ օրերին ընդունված սովորույթները: Ըստ աստվածաբան Վալտեր Վինքի՝ չորս Ավետարաններում նկարագրված կանանց հետ առնչության գրեթե յուրաքանչյուր դրվագում Հիսուսը խախտում էր ընդունված չափանիշները»1:

Հիսուսին հազարավորներն էին հետևում. ոմանք դա անում էին Նրանից սովորելու համար, բայց մեծամասնությունը՝ հրաշքների և բժշկությունների: Կղերականներին ծայրահեղ կերպով անհանգստացնում էր Հիսուսի հեղինակության աճը: Եվ նրանք մի ծրագիր մշակեցին…

Հրեաների օրենքը պահանջում էր քարկոծել շնության մեղքի մեջ բռնված ցանկացած կնոջ (տղամարդը երբեք չէր քարկոծվում այս մեղքի համար): Շուտով նրանք գտան այդպիսի մի կնոջ, հրահրեցին ամբոխին և բերեցին նրան Հիսուսի մոտ: Կինը կանգնած էր միայնակ, կիսամերկ և սպասում էր իր սարսափելի դատավճռին: Կնոջը շրջապատած ամբոխը պատրաստ էր ցանկացած վայրկյանին նրան քարկոծել:

Բոլորը գիտեին սիրո, բարության և իրար ներելու մասին Հիսուսի խրատները:
Ամբոխին հրահրող կրոնավորները բարձրաձայն հարցրին Հիսուսին. «Վարդապե՛տ, այս կինը բռնվել է շնության մեջ: Օրենքում Մովսեսը հրամայել է քարկոծել նման կանանց: Ի՞նչ կասես այս մասին»:

Նրանք Հիսուսին դժվար, նույնիսկ անելանելի դրության մեջ էին ուզում դնել:

Եթե ողորմածություն ցուցաբերեր այդ կնոջ հանդեպ, դա կնշանակեր խրախուսել շնությունը և դառնալ բարոյականության թշնամի, եթե համաձայներ նրան քարկոծելուն, ապա կարժեզրկվեին ողորմածության ու ներման վերաբերյալ իր հորդորները:

Հիսուսը կռացել և մատով ավազի վրա ինչ-որ բան էր գրում, իսկ ամբոխը շարունակում էր պատասխան պահանջել: Եվ ահա, Նա ուղղվեց և ասաց նրանց. «Եթե ձեզնից մեկն անմեղ է, թող առաջին քարը նա գցի այս կնոջ վրա»,- հետո կրկին խոնարհվեց ու շարունակեց ավազի վրա մատով գրել:

Մարդիկ՝ «տարեցներից» սկսած, մեկ առ մեկ սկսեցին հեռանալ, մինչև այնտեղ մնացին միայն Հիսուսը և այդ կինը: Այդ ժամանակ Հիսուսը հարցրեց նրան.
-Կի՛ն, որտե՞ղ են նրանք: Ոչ ոք քեզ չմեղադրե՞ց:
-Ո՛չ, Տեր,- պատասխանեց նա:
-Ուրեմն, ես էլ քեզ չեմ մեղադրում,- հայտարարեց Հիսուսը,-գնա՛ և այլևս մեղք մի՛ գործիր»:2

Այսպիսի բան երբե՛ք չէր պատահել: Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքա՜ն էր ցնցված այդ կինը: Նրան կյանք էր շնորհվել, և նա ազատ էր: Հիսուսը գիտեր, որ ոչ հեռու մի օր Ինքը խաչի վրա վճարելու է ոչ միայն այդ կնոջ շնության մեղքի համար, այլև ամբոխի ատելության և կրոնավորների անխղճության համար: Ողջ աշխարհի մեղքն էր Նրա վրա դրվելու, որպեսզի Նա մեզ համար ներման ճանապարհ բացի:

Թեև Նա Աստված էր և միակը, Ով իրավունք ուներ դատապարտելու այդ կնոջը, սակայն ասաց նրան. «Ես քեզ չեմ մեղադրում, գնա՛ և այլևս մեղք մի՛ գործիր»:

Հիսուսն ասում էր, որ չի եկել դատելու, այլ փնտրելու և գտնելու կորածին: Նա մեր Փրկիչն է: Նա Իրեն ճանաչողների կյանքերն է փոխում, ինչպես օրինակ այս մի կնոջ դեպքում…

Կինը սամարացի էր, իսկ սամարացիները հրեաների համար ստորադաս մի ժողովուրդ էին: Հիսուսը հրեա էր, և ահա, թե ինչ պատահեց.

Հիսուսը հանգստանում էր մի ջրհորի մոտ, որտեղից քաղաքի մարդիկ գալիս և ջուր էին տանում:
Օրվա ամենաշոգ պահն էր, այս ժամին ոչ ոք չէր գալիս ջուր տանելու: Սակայն շուտով մի կին երևաց: Նա հույս ուներ, որ աննկատ կմնա: Կինը հինգ անգամ ամուսնալուծված էր և այժմ վեցերոդ տղամարդու հետ էր ապրում՝ այս անգամ արդեն առանց ամուսնանալու: Ի՞նչ էր դա նշանակում. Դա նշանակում էր, որ կինը անբարոյականի համբավ ունի:

Նա սովորել էր շրջանցել ամոթը և մարդկանցից խուսափելով՝ մի կերպ ապրել:

Հիսուսն ամեն բան գիտեր նրա մասին և գիտեր նաև նրա սիրտը: Նա տեսավ, որ այդ կնոջ պահանջը միայն սովորական ջուրը չէ, այլ՝ շատ ավելին. կինը հոգեպես էր ծարավ:

Թեև հրեան երբեք չէր խոսում սամարացու հետ, բայց Հիսուսը խոսեց նրա հետ և ասաց. «Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այլ այն ջուրը, որը Ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի»3:

Նրանք բավականին երկար զրուցեցին: Կինը ոչ միայն հավատաց Նրան, այլև վազեց քաղաք ու բոլոր այն մարդկանց, որոնցից խուսափում էր նախկինում, պատմեց ամեն ինչ՝ համոզելով գալ ու տեսնել Հիսուսին: Շատերը հենց այդպես էլ արեցին: Հիսուսն այդ կնոջ ամոթալի կյանքը փոխարինեց ուրախության կյանքով: Կանանց հետ Տեր Հիսուսի ամեն հաղորդակցություն փոխում էր նրանց կյանքը:

Կանանց մեծարելու ամենազարմանալի դեպքը, գուցե, հենց Իր հարությունից հետո պատահածն էր: Հիսուսը մեծ տառապանք էր կրել, ձեռքերն ու ոտքերը մեխվել էին խաչին: Անասելի տանջանքներից հետո նա մեռել և թաղվել էր, սակայն երրորդ օրը դուրս էր եկել գերեզմանից ու հիմա ֆիզիկապես կենդանի էր, ինչպես որ խոստացել էր: Առաջին մարդիկ, ում հետ Հիսուսը խոսեց հարություն առնելուց հետո, կանայք էին:

Ակնառու փաստ է, որ այս մասին պատմվում է բոլոր չորս Ավետարաններում: Չէ՞ որ այն օրերի ավանդույթներում կանայք շատ ցածր դիրք էին զբաղեցնում և կրոնական ու օրենքի հետ առնչվող հարցերում նույնիսկ խոսելու իրավունք չունեին, մինչդեռ Հիսուսը նրանց տվեց Իր հարության մասին առաջինը տեղեկանալու արտոնությունը:

Ոչ միայն կանանց, այլև բոլոր մարդկանց է Հիսուսը հրավիրում Իրեն հավատալու, մեղքերի ամբողջական ներում ընդունելու և Աստծո հետ հարաբերություն սկսելու համար:

Այս թեմայի շուրջ ավելին իմանալու համար տե՛ս «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Ֆիլիպ Յանսի, Հիսուսն, Ում երբեք չեմ ճանաչել, էջ 154, Զոնդերվան հրատարակչություն: (2) Հովհաննես 8:4-11 (3) Հովհաննես 4:13,14

Կիսվել ուրիշների հետ:  

TOP