Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Վերականգնվել բնական աղետից հետո

Եթե վերջերս բնական աղետի պատճառով ցավ ու տառապանք ես կրել, ապա այս հոդվածը կարող է մխիթարություն փոխանցել քեզ …

Գու՞ցե բնական աղետի պատճառով շատ հանկարծակի կորցրել ես ընկերոջդ կամ հարազատիդ: Հնարավո՞ր է արդյոք Աստծուց պատասխան ստանալ՝ ինչու՞: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, իսկ եթե նույնիսկ ինչ-որ մեկը փորձի բացատրություններ տալ այս հարցին, ապա շատերը այդ բացատրություններին թերահավատորեն կվերաբերեն: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այսպես, ինչու՞ հենց այս իրավիճակում, ինչու՞ եղավ…. «Ինչո՞ւ»-ն այն հարցը չէ, որին Աստված պատասխանում է, գուցե նաև այն պատճառով, որ այդ պատասխանը մենք ի վիճակի չենք ըմբռնելու:

Սակայն Աստված պատասխանում է այլ հարցերի, որոնք պակաս կարևոր չեն ՝ «Ինչպիսի՞ն է Աստված», «Կարո՞ղ ենք արդյոք Նրան ապավինել», «Կարո՞ղ ենք արդյոք դժվար պահերին դիմել Նրա օգնությանը»…

Երբ ցավ ես կրում, թվում է՝ դրանից ավելի մեծ ոչինչ չկա, սակայն Աստված ավելին է: Որքան էլ մեծ թվա տառապանքը, Աստված ավելի զորավոր է: Տառապանքը կգա ու կգնա, բայց Աստված միշտ ներկա է: Ի՞նչ է առաջարկում Աստված. առաջարկում է զորություն, հույս, հեռանկար և մխիթարություն… Նա զորացնում է մարդուն, ուժ տալիս դիմավորելու հաջորդ ժամը, վաղվա օրը և ապագան:

Պողոս առաքյալն իր կյանքի դժվարությունների մասին գրում է.

«Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց ճնշված չենք: Կարոտ ենք, բայց չենք տարակուսել: Հալածված՝ բայց երեսից չընկած: Վայր ընկած՝ բայց չկորած»1: «Որովհետև Աստված, որ ասեց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը…»2:

Ինչպե՞ս է Աստված դա անում: Նա մոտենում է մեզ ընկերոջ նման՝ ձեռքը մեր ուսին դնելով և խոսելով այնպես, որ քաջալերվում ու մխիթարվում ենք: Աստված խոսու մ էմեզ հետ, երբ գնում ենք Նրա մոտ: Մենք բացում ենք Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, և Նա անձամբ խոսում է մեզ հետ:

Սակայն տարբեր պատճառներով գուցե հիմա չես ուզում գնալ Աստծո մոտ, գուցե խառը զգացմունքներ ունես և ուզում ես հասկանալ ՝բարկացա՞ծ ես, թե՞ հիասթափված Նրանից, միգուցե քեզ անտեսված ես զգում կամ չունես վստահություն, որ Նա տեսնում է քեզ ու տեղյակ է ցավիդ մասին…
Ինչպիսի ապրումներ էլ ունենաս, պիտի գիտակցես, որ կա անշրջելի մի իրականություն՝ Աստված ներկա՛ է: Իրավիճակները կարող են կասկածներ ծնել, սակայն Աստված հո՛գ է տանում քեզ: Նա տեղյակ է քո դրությունից, գիտի կարիքներիդ ու տառապանքիդ մասին: Հիսուս ասում է. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ»: Ինչպե՞ս կարող է Նա մեզ հանգիստ պարգևել: Նա Իր վրա է վերցնում մեր բեռները, մեր խնդիրները, որովհետև Նրա զորությունն անսահման է: Նա կարող է մեզ ուղղորդել, քանի որ գիտի ապագան և ամեն բան տեսնում է:
Հիսուս ասում է. «Ինձնից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»3: Աստված նրբորեն խնդրում է, որ մենք վստահենք Իրեն: Նա մեկնում է Իր ձեռքը դեպի մեզ և զգուշորեն բարձրացնում մեզ, որպեսզի վերականգնի հույսը մեր ներսում: «Տերը մոտ է սրտով կոտրվածներին և փրկում է հոգով փշրվածներին»4:

Ոչինչ պետք չէ տանել Նրա մոտ: Նա սպասում է, որ մենք գնանք Իր մոտ թեկուզ դատարկաձեռն, և շատերը հենց այսպիսի զգացում ունեն իրենց ներսում: Մենք Նրան ոչինչ չենք կարող խոստանալ, ոչինչ չունենք Նրան առաջարկելու: Եվ սա խնդիր չէ, քանի որ Աստված մեր կյանքը վերականգնելու մի նոր ուղի է առաջարկում՝ ոչ միայնակ, այլ Իր հետ միասին:

Գուցե ապրել ես այնպիսի կյանքով, որ կարծում ես, թե Աստված չի՞ ընդունի քեզ… Այդպիսի մարդ չկա, որ ապրած լինի կատարյալ սուրբ կյանքով և ըստ Աստծո չափանիշների: Աստվածաշունչն ասում է, որ բոլորս էլ մեղք ենք գործել և պակասել Աստծո փառքից ու արդարությունից, մենք արժանի չենք և չենք վաստակել Աստծո կողմից ընդունված լինելուն, բայց Հիսուս խաչի վրա Իր տառապանքների շնորհիվ պարգևում է մեզ այդ՝ Աստծուն ընդունելի լինելու հնարավորությունը: Դու մենակ չես քո տառապանքների մեջ:

Աստվածաշունչը Հիսուսի մասին ասում է. «Նա հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ»: Նա անտեղյակ չէ տառապանքից ու դժվարություններից և գիտի՝ ինչ է մահը: Երբ Նրա լավագույն ընկերներից մեկը՝ Ղազարոսը, մահացավ, Հիսուս կանգնեց ու լաց եղավ: Մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուս տեսավ մարդկանց բազմությունը, լցվեց անսահման կարեկցանքով. «…ժողովրդին տեսնելով՝ գթաց նրանց, որ հոգնած և ցիրուցան էին եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»:

Հիսուս ոչ միայն տեսավ տառապանքը, այլ նաև կամովին կրեց այն: Հրաշքներ գործողն ու մահացածին հարություն տվողը, հիվանդներին բժշկողը, կաղերին քայլել և կույրերի աչքերը բացել տվողը թույլ տվեց, որ Իր գլխին… փշե պսակ դնեն, հարվածեն Իրեն, ծաղրեն, խաչեն…Նա կրեց մեր մեղքերի պատիժը և աննկարագրելի տառապանքների միջով անցնելով՝ վճարեց մեր մեղքերի համար: Հիսուս մեռավ, սակայն հարություն առավ՝ ցույց տալով, որ ամբողջական իշխանություն ունի մահվան վրա:

Երբ Հիսուս ասում էր, որ եկել է մեզ հավիտենական կյանք պարգևելու, դրանով ասում էր, որ հավիտենական կյանքն Իր իշխանության տակ է, և Նա այն որպես պարգև է մեզ տալիս: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»5:

Անկախ նրանից, թե ինչպիսին է եղել քո կյանքը և որքան էլ քիչ ես ուշադրություն դարձրել Աստծո և հոգևոր կյանքի վրա, Նա, միևնույնն է, քեզ ամբողջական ներում և Իր հետ հաղորդվել է առաջարկում:

Նա առաջարկում է դառնալ քո Աստվածը և քայլել քեզ հետ այս կյանքի ճանապարհներով՝ լուսավորելով բոլոր խավար տեղերը, տալով ուժ և հույս՝ ապագայի համար: Հիսուս ասում է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով Իմ հետևից գա, նա խավարում չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»6:
Ուզո՞ւմ ես, որ կյանքդ անցնի Նրա լույսի ներքո, Նրա առաջնորդությամբ և քո հանդեպ Նրա սիրո գիտակցությամբ: Եթե՝ այո՛, ապա խնդրի՛ր Նրան գալ քո կյանք հենց հիմա, և Աստծո հետ մի այնպիսի հարաբերություն սկսիր, որը Նա՛ է ուզում ունենալ քեզ հետ:

Նա ասում է. «Ահա, Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ: Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, նա՝ Ինձ հետ»7:

Ահա, թե ինչպես կարող ես Նրա մոտ գնալ հենց հիմա. «Հիսուս, ես ինձ մոլորված եմ զգում, իսկ Դու առաջարկում ես դառնալ իմ հովիվը: Ների՛ր իմ բոլոր մեղքերը: Ես շատ անգամ եմ ապրել իմ ուզածով և ոչ՝ քո կամքի համեմատ: Այժմ եկել եմ Քեզ մոտ օգնության խնդրանքով և ուզում եմ կյանքիս մնացած մասը լինել Քեզ հետ կենդանի հարաբերության մեջ: Ուզում եմ, որ լինես իմ Աստվածը և առաջնորդես կյանքս Քո ուզած ճանապարհներով: Իմ փափագը Քեզ ավելի լավ ճանաչելն է և իմ կյանքով Քեզ պատվելը: Խնդրում եմ՝ արի՛ իմ կյանքի մեջ: Շնորհակալ եմ ինձ ընդունելու և ինձ Քո զավակը դարձնելու համար: Ամեն»:

Հիսուս ասում է. «Այն ամենը, որ Հայրն Ինձ տալիս է, Ինձ մոտ կգա, և Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի»8:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Բ Կորնթացիս 4:8,9 (2) Բ Կորնթացիս 4:6 (3) Մատթեոս 11:28-30 (4) Սաղմոս 34:18,19 (5) Հովհաննես 3:16 (6) Հովհաննես 8:12 (7) Հայտնություն 3:20 (8) Հովհաննես 6:37

Կիսվել ուրիշների հետ:  

TOP