Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Հիսուսը և Իսլամը

Ստորև կանդրադառնանք այն վեց հարցին, որոնք իսլամի հետևորդները և շատ ուրիշներ տալիս են Հիսուսի մասին…

Սա բավականին արժանահավատ նյութ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իմանալ Հիսուսի մասին ճշմարտությունը: Ոչ մի մարտահրավեր չկա այստեղ, և չկան նաև այլ կրոններին ուղղված քննադատություններ:

Ահա՛ այն վեց հարցը, որոնց կփորձենք պատասխանել այս հոդվածի մեջ.

  1. Արդյո՞ք Աստվածաշունչը փոփոխվել է բնագրի համեմատ:
  2. Արդյո՞ք Աստված ասել է, որ մի կրոնը պետք է մյուսով փոխարինվի՝ հուդայականությունը քրիստոնեությամբ, իսկ քրիստոնեությունը՝ իսլամով:
  3. Արդյո՞ք հայհոյություն է, երբ ասում ենք, որ Աստված Որդի ունի:
  4. Արդյո՞ք Հիսուս մեռել է խաչի վրա:
  5. Եթե Հիսուս մեռել էխաչի վրա, ապա ուրեմն Աստված երեք օր մեռա՞ծ էր:
  6. Ինչո՞ւ Հիսուսին չընկալել միայն որպես մարգարե:

1. Արդյո՞ք Աստվածաշունչն Աստծո Խոսքն է, թե՞ ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների:

Որպես նախաբան՝ Աստվածաշնչից մի քանի մեջբերում անենք. «…մինչև որ երկինքն ու երկիրն անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքրիկ նշանագիր չի անցնի, մինչև բոլորը չկատարվի»1:
Աստծո Խոսքը չի կարող անհետանալ: Դրանում տեղ գտած բոլոր գրվածքները մինչև վերջ իրականանալու են. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի»2:
«Բոլոր գրքերը Աստվածաշունչ են և օգտակար վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար»3:
Աստվածաշնչի բոլոր գրքերը գրվել են Աստծո Հոգով:

«Խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց մեր Աստծո Խոսքը կմնա հավիտյան»4:

Ինքներս մեզ պիտի հարցնենք. «Կարո՞ղ է Աստված պաշտպանել Իր Խոսքը: Արդյո՞ք Նա ի զորու է իրագործել այն պնդումը, թե Իր Խոսքը երբեք չի անհետանա և չի մնա անկատար»:

Աստված կարո՞ղ է դա անել: Այո՛, անշուշտ: Աստվածաշունչը մարդկանց ուղղված Աստծո Խոսքն է և երբեք չի փոփոխվել:

Ոչինչ փոփոխության չի ենթարկվել: Այդ մասին կասկածներն ու անհիմն պնդումները զուտ չարախոսություններ են:

Ղուրանը չի ասում, թե Աստվածաշունչը փոփոխության է ենթարկվել: Ճիշտ հակառակը: Այն մեծարում է Թորան և Աստվածաշունչը և բազմաթիվ անգամ հիշատակում «Զաբուրի» մեջ (Հին Կտակարան և Սաղմոսներ) եւ «Ինջիլ» (Նոր Կտակարան):

Երբ իսլամն ի հայտ եկավ յոթերորդ դարում՝ Հիսուս Քրիստոսից 600 տարի անց, դրա հետևորդները Աստվածաշունչն ընդունում էին որպես ճշմարտություն:

Այսպիսով՝ հարց է ծագում. արդյո՞ք Աստվածաշունչը չի փոփոխվել յոթերորդ դարից հետո: Ո՛չ: Որպեսզի համոզվեք ասվածում, պարզապես համեմատեք մերօրյա Աստվածաշունչը հին ժամանակներում գրված Աստվածաշնչի հետ:

Մեզ են հասել Աստվածաշնչի ամբողջական օրինակներ, որոնք թվագրվում են Ք.հ. 300 թվականով՝ հարյուրավոր տարիներ Ղուրանի գրվելուց առաջ: Դրանք Վատիկանում են, Լոնդոնի թանգարանում են և շատ այլ վայրերում: Եթե համեմատենք մերօրյա Աստվածաշունչը Ք.հ. 300 թվականի Աստվածաշնչի հետ, ապա կհամոզվենք, որ դրանք նույնական են:

Հայտնի է, որ պահպանվել է Նոր Կտակարանի ավելի քան 25000 ձեռագիր օրինակ: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մերօրյա Նոր Կտակարանը 99.5%-ով համապատասխանում է հին ձեռագրերին, ոչ մի փոփոխություն չկա, իսկ նկատված 0.5% տարբերությունը վերաբերում է զուտ միայն ուղղագրությանը, բայց ոչ՝ իմաստին:

Դուք հավանաբար ծանոթ եք Մեռյալ Ծովի՝ ոչ շատ վաղուց կատարված հնագիտական բացահայտումներին: Մեռյալ Ծովի հյուսիս-արևմտյան ափին՝ Քումրանյան քարանձավներում, հայտնաբերվեցին գալարներ: Գիտնականները համեմատեցին մերօրյա Աստվածաշունչը դրանց հետ և համոզվեցին գրեթե 100%-անոց նույնանմանության մեջ:

Ոչ մի հիմք չկա պնդելու, թե Նոր Կտակարանը կամ Աստվածաշունչը փոփոխությունների են ենթարկվել բնագրի համեմատ: Նման պնդումը պատմականորեն սխալ է:

Աստվածաշունչը չի փոփոխվել:

Այո՛, Նոր Կտակարանում կա չորս Ավետարան՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի: Դրանք փաստացի ապացուցում են, որ Աստվածաշունչը երբեք չի աղավաղվել: Այդ Ավետարանները վկայություններ են և Հիսուսի կյանքի, Նրա ասածների ու արածների չորսական նկարագրություններ:

Եկեք պատկերացնենք, որ երկու մարդ կամ, ասենք, չորս հոգի ներկա էին փողոցի անկյունում տեղի ունեցած վթարին: Նրանցից յուրաքանչյուրին խնդրում են գրի առնել պատմության սեփական վարկածը: Կարծում եք բոլորը նույնանմա՞ն կներկայացնեն կատարվածը: Բնական է, որ ոչ: Յուրաքանչյուրը գրելու է նույն դեպքի մասին, բայց սեփական տեսանկյունով և ոճով. Նույնն է և Հիսուսի գործերի ու կյանքի ականատեսների գրած Ավետարանների դեպքում:

Դարեր շարունակ դատաիրավական համակարգը ներգրավել է վկաների: Ամենակարևոր դեպքերում գործը չէր սահամանափակվում միայն մեկ վկայի նկարագրածով: Ճշմարտությունը բացահայտելու համար հաճախ մեկից ավելի վկաների կարիք էր զգացվում: Ահա մի պնդում Նոր Կտակարանից, որն իրականում մեջբերում է Հին Կտակարանից. «…Երկու և երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի»5:

Հիսուսի կյանքի մասին վկայում են ոչ միայն չորս Ավետարանիչները, այլև շատ ուրիշներ: Հակոբոսը, Պողոսը, Հուդան և Պետրոսը գրել են Նոր Կտակարանի մնացած գրքերը:

Հովհաննեսն ասում է. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որ նայեցինք և մեր ձեռքերը շոշափեցին…»6: Նրանք Հիսուսին տեսել էին իրենց աչքերով և գրի էին առել այն, ինչին ականատես էին եղել անձամբ:

Ի՞նչ կասեք օտարալեզու Աստվածաշնչի և դրա՝ տարբեր թարգմանությունների մասին:

Աստվածաշունչը գրվել է եբրայերենով և հունարենով: Ցանկացած Աստվածաշունչ, անկախ դրա տպագրման տարեթվից, թարգմանված է բնագրից: Որևէ Աստվածաշունչ երբեք չի վերաթարգմանվել նույն լեզվից, ասենք օրինակ՝ անգլերենից անգլերեն:

Կան Աստվածաշնչի թարգմանություններ, որոնք հիմնված են խոսքի բառափոխումների վրա: Դրանցում հին և արդեն անհասկանալի բառերը փոխարինված են նոր ու հասկանալի բառերով: Աստվածաշնչի թարգմանությունները ուղիղ թարգմանություններ են եբրայերեն և հունարեն բնագրերից:

Եբրայերեն և հունարեն բնագրերը թարգմանվել են հազարավոր լեզուներով: Ինչո՞ւ: Քանի որ Աստված ուզում է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր անհատ իմանա փրկության բարի լուրը:

Աստվածաշունչը թարգմանելը դժվար չէ. այնտեղ հատվածներ կան, որոնք չափածո ստեղծագործություններ են (Առակաց, Երգ երգոց, Սաղմոսներ գրքերը), սակայն Աստվածաշնչի «սիրտը» պարզ ու հասկանալի շարադրանքն է, որը վերաբերում է մեր առօրյա կյանքին: Այս հատվածները դժվար չէ թարգմանել: Այն, որ Աստվածաշունչը մի պարզ և ուղիղ շարադրանք է, ևս մեկ պատճառ է Սուրբ Գրքին վստահելու համար:

Մի իրական պատմություն

«Մի օր տղաս զանգեց ինձ: Նա արտերկրում էր և զանգում էր մեծ մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարից անմիջապես հետո: Որդուս մեքենային մեկ այլ մեքենա էր հարվածել ու այն, 180 աստիճան շրջելով, քաշել-տարել մայրուղու ճիշտ կենտրոն՝ այն էլ հակառակ ուղղությամբ»:

Տղաս ասաց. «Հայրի՛կ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց ես չգիտեմ ինչ անել հիմա»:

Նա կանգնած էր խնդրի առջև և օգնության կարիք ուներ: Արդյո՞ք ճիշտ կլիներ նրան այդ պահին իմ իմացած որևէ բանաստեղծություն կամ չափածո ուղերձ ուղարկել… Ո՛չ:

Այդ պահին ես ուղղակի պիտի ասեի նրան. «Ջո՛ն, դու լուրջ խնդրի մեջ ես, ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում: Ահա, թե ինչ պիտի անես…»:
Հենց սա է Աստվածաշնչի ուղերձի ոգին: Մարդկությունը լրջագույն խնդրի առջև է կանգնած և ընթանում է դեպի դժոխք, քանի որ մեղքի մեջ է և Աստծո շնորհքից ընկած: Մարդկությունը կարիք ունի փրկության պարզ ու հստակ ուղերձի: Աստվածաշունչը սովորեցնում է, թե ինչպես է հնարավոր ներում ստանալ, և ինչպես կարող ենք մտերիմ հարաբերություն հաստատել Աստծո հետ, որը սկսվելով հիմա՝ կշարունակվի նաև հավիտենության մեջ: Դա կյանքեր փոխող ուղերձ է:

2. Արդյո՞ք Աստված ասել է, թե մի կրոնը պետք է փոխարինվի մյուսով:

Արդյո՞ք Աստված մտադիր է եղել, որ մենք սկսենք հուդայականությունից, հետո անցնենք քրիստոնեությանը, իսկ վերջում՝ իսլամին: Ո՛չ: Աստված հետևողական է և երբեք հետաքրքրված չի եղել կրոնների ստեղծմամբ:

Աբրահամի ժամանակներից սկսած՝ Աստված հստակ նպատակ ուներ՝ Իր մասին իրազեկել մարդկությանը և Իր հետ հարաբերության մեջ հաստատել: Հարաբերություն և ոչ թե կրոն: Սա է Աստծո կողմից մեզ արարելու հիմնական նպատակը:

Եկեք քննենք սկիզբը. Ադամ ու Եվա: Նրանք անմիջական հաղորդակցություն ունեին Աստծո հետ, որը հոգ էր տանում նրանց մասին:

Սատանան՝ օձի տեսքով հայտնվեց Ադամին ու Եվային և գայթակղեց նրանց: Ցավոք, մեր նախահայրն ու նախամայրը ընտրեցին սատանային հավատալն ու Աստծո պատվերին չհնազանդվելը: Որպես հետևանք՝ Ադամն ու Եվան զրկվեցին Աստծո հետ հարաբերություն ունենալու հնարավորությունից:

Սակայն գիտե՞ք արդյոք, թե Աստված ինչ ասաց սատանային հենց դրանից հետո: Նա ասաց, որ կնոջ սերնդից Մեկը կլինի սատանայի թշնամին: Նա ասաց, որ սատանայի հաղթանակն ընդամենը ժամանակավոր է, որը վնասում է այդ Զավակի միայն գարշապարը, բայց վերջինիս է պատկանում ամբողջական հաղթանակը, և Նա ջարդելու է սատանայի գլուխը:

Աստվածաշնչում գրված է. «Որովհետև արիր այս, դու անիծյալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից: Փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում։ Եվ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերնդի և նրա սերնդի մեջտեղը: Նա քո գլուխը ջախջախի, և դու նորա գարշապարը խայթես»7:

Սատանան կարճաժամկետ հաղթանակ է ունենալու՝ խայթելով կնոջ սերնդի գարշապարը:

Ողջ պատմության ընթացքում միայն Մեկն է եղել, Ով ծնվել է կնոջից և ոչ թե տղամարդուց ու կնոջից: Դա Հիսուսն է՝ Մարիամի Որդին:

Սատանան խայթելու էր կնոջից ծնվածի գարշապարը, բայց Նա ջախջախելու էր դրա գլուխը: Օձին սպանելու միակ ձևը նրա գլուխը ջախջախելն է:

Ի՞նչ է սա նշանակում: Այս ամենին միայն մեկ բացատրություն կա:

Սատանան խայթում էր Հիսուսին, երբ Նրա ձեռքերն ու ոտքերը մեխված էին խաչին, սակայն Հիսուս դիմացավ նրա դաժան հարձակմանը: Խաչի վրա Հիսուս պարտության մատնեց սատանային: Հիսուս վճարեց ողջ մարդկության մեղքերի դիմաց՝ յուրաքանչյուր հավատացողին առաջարկելով մեղքերի ներում և Աստծո հետ հարաբերության վերականգնում:

Եսայի մարգարեն գրում է. «… ո՛չ կերպարանք ուներ, ո՛չ էլ վայելչություն, և մենք տեսանք Նրան, և մի տեսք չկար, որ Նրան ախորժեինք։
Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ, և մի այնպիսի, որից պետք էր երես ծածկել: Անարգված էր, և մենք Նրան ոչինչ էինք համարում։

Հիրավի՜, Նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց Իր վրա, բայց մենք Նրան պատուհարված էինք համարում, Աստծուց զարկված և նկուն եղած։

Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք։

Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ: Եվ Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքը»8:

Ո՞ւմ մասին է խոսում Եսայի մարգարեն: Պատասխանը հստակ է. նա խոսում է Հիսուս Քրիստոսի մասին: Եվ ե՞րբ է նա գրի առել այս խոսքերը: Հիսուս Քրիստոսից ավելի քան 700 տարի առաջ:

Ամենասկզբից և հազարամյակներ շարունակ Աստված միշտ ասել է, որ Հիսուս աշխարհ է գալու և մեռնելու է ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է Եսայի մարգարեն: Ի՞նչ կմտածեիք Աստծո մասին, եթե ամենավերջին պահին Նա մտափոխվեր: Ի՞նչ, եթե հազարավոր տարիներ Հիսուսի մասին ասված խոստումներից հետո, Նա մտափոխվեր, և Հիսուս մեզ համար չմեռներ… Աստված երբեք չի փոխում Իր միտքը:

3. Արդյո՞ք հայհոյություն է, երբ ասում ենք, որ Աստված Որդի ունի:

Աստված Հոգի է: Եվ Հիսուս Աստծո Որդին է հոգևոր իմաստով, այլ ոչ թե ֆիզիկական: Եթե մեկն ասում է՝ դու մայրիների որդին ես, սա նշանակում է, որ տվյալ մարդը Լիբանանից է: Կամ եթե Եգիպտոսից է, ապա՝ դու Նեղոսի որդին ես: Ասել, որ Հիսուս Աստծո Որդին է, նշանակում է ասել, որ Նա Աստծուց է: Դա նման է կոչման: Երբ հրեշտակը հայտնվեց Մարիամին, ասաց նրան. «…այն ծնված Սուրբն էլ Աստծո Որդի կկոչվի»: Կոչում: Քրիստոնեությունը չի ասում, թե Աստված սեռական հարաբերություն է ունեցել որևէ կնոջ հետ:

Եսայիան ասում է. «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան»9:

Նա Աստված է, Ով մարդացավ Մարիամի միջոցով: Նա Աստված է և Որդի միաժամանակ՝ ծնված կույս Մարիամից:

Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Աստված որոշեց, որ Հիսուս ծնվի կույս Մարիամից:

Լինել կնոջից ծնված, այլ ոչ թե տղամարդուց և կնոջից, նշանակում է ազատ լինել Ադամի և Եվայի մեղավոր բնույթից: Ադամի և Եվայի մեղքի մեջ ընկնելուց հետո, նրանք այդ բնույթը փոխանցեցին իրենց երեխաներին, իսկ հետո նաև՝ սերնդեսերունդ, մինչև այն հասավ մեզ:

Մենք բոլորս ծնվում ենք որպես մեղավորներ: Բոլորս ծնվում ենք մեր ուզած ու մեր պատկերացրած կյանքն ապրելու ձգտումով, այլ ոչ թե Աստծո կամքը կատարելու փափագով: Բոլորս էլ մեղքեր ենք գործում: Այդ պատճառով էր Դավիթ մարգարեն աղաղակում. «Մեղքո՜վ հղացավ ինձ իմ մայրը»: Մենք ապրում ենք որպես մեղավորներ, և բոլորս էլ Փրկչի կարիքն ունենք:

Սակայն Հիսուս, որպեսզի դառնար մեր Փրկիչը, պետք է այլ բնույթ ունենար: Նա պետք է Աստծուց՝ Նրա Սուրբ Հոգուց լիներ, որպեսզի ազատ լիներ մեղքի բնույթից: Եսայիան ասում է. «Խաբեություն չկար Նրանում»: Նրա վրա չկար որևէ մեղք:

Աստվածաշնչում նկարագրվում է, որ Աստված Մովսեսին հայտնվեց վառվող մորենու տեսքով: Նա Երկնքից եկող ձայնով էր խոսում Աբրահամի հետ: Ո՞վ կարող է պնդել, թե Աստված չի կարող մարդկային կերպարանք ընդունել, որպեսզի Իրեն հայտնի մարդկությանը:

4. Արդյոք Հիսուս մահացա՞վ խաչի վրա, թե՞ ոչ:

Ինչպե՞ս Աստված փորձեց Աբրահամին: Նա պահանջեց, որ Աբրահամը զոհի սեփական որդուն: Երբ Աբրահամն ու Իսահակը սարն էին բարձրանում, վերջինս հարցրեց հորը. «Իսկ որտե՞ղ է զոհը»: Աբրահամը պատասխանեց. «Աստված կհոգա: Նա կտա մեզ զոհաբերելու կենդանի»: Եվ Աստված այդպես էլ արեց: Աբրահամը հենց այդ գառանը զոհաբերեց Աստծուն: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է Աստված մեզ փոխանցում այս պատմության ուղերձի միջոցով:

Ողորմած Աստված փրկում է Աբրահամի զավակին մի գառան շնորհիվ:

Հետագայում, Ելից գրքում կրկին հանդիպում ենք գառան կարևորությանը: Եգիտպոսի վրա եկող հարվածներից վերջինի ժամանակ Աստված հրահանգ է տալիս Իր ժողովրդին: Նրա Խոսքին հավատացողները պետք է զոհաբերված գառան արյունը քսեին իրենց տների սեմերին: Մահվան հրաշտակը անցնելու էր այդ տների կողքով և չէր հարվածելու անդրանիկներին: Հավատացողները փրկվեցին գառան շնորհիվ:

Հետո Ղևտացոց գրքում կրկին հանդիպում ենք գառանը: Ամեն տարի քահանայապետը մեկ գառ էր վերցնում և, քաղաքից դուրս հանելով, զոհաբերում էր այն Աստծուն հավատացող բոլոր մարդկանց մեղքերի համար: Ամեն տարի մարդիկ փրկվում էին այդ մեկ գառան շնորհիվ:

Հետո կարդում ենք, թե ինչպես էր Հովհաննես Մկրտիչը աղաղակում՝ դիմելով հավաքված մարդկանց բազմությանը. «Ահա, Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»10: Մի Գառ, որ փրկելու էր ողջ աշխարհի այն մարդկանց, ովքեր հավատալու էին Նրան:

Ի՞նչ կպատահեր, եթե Աբրահամը չլսեր Աստծո ձայնը, չհավատար, որ Աստված է իր հետ խոսողը: Ճի՛շտ է՝ նրա զավակը կսպանվեր:

Ի՞նչ կպատահեր, եթե մարդիկ չհավատային Աստծուն և գառան արյունը չքսեին իրենց դռան սեմերին:

Այսպիսով՝ սա է հարցը: Մոտ 2000 տարի առաջ Հիսուս՝ Աստծո Գառը, խաչվեց՝ Իր կյանքը զոհելով մեր փրկության համար: Աստվածաշունչը հստակ ասում է. «Աստված Իր սերը հայտնեց մեր հանդեպ, երբ մենք մեր մեղքերի մեջ էինք՝ Քրիստոս մահացավ մեզ համար»11:

Ի՞նչ կլինի, եթե ասես, թե Հիսուս չի խաչվել, Նա չի մահացել: Աստծո Գառը զոհաբերվեց, որպեսզի մեր մեղքերի և ողջ աշխարհի մեղքի գինը վճարվի: Ի՞նչ կպատահի, եթե ասես, թե Գառը չի զոհաբերվել քո մեղքերի համար, քո ներման համար:

5. Եթե Հիսուս մեռել էր խաչի վրա և երեք օր գերեզմանում էր, ապա արդյո՞ք սա նշանակում է, որ Աստված երեք օր մահացած էր:

Կարևոր հարց: Մի համեմատության օգնությամբ փորձենք պատասխանել դրան:

Եկեք պատկերացնենք, թե ունենք մի ծաղկաման, որի մեջ ո՛չ ջուր կա և ո՛չ էլ ծաղիկներ: Այն պարզապես լի է սովորական օդով: Ո՞րն է ծաղկամանի դրսի և ներսի օդի տարբերությունը: Միայն այն, որ դրա ներսի օդը սահամանափակված է որոշակի ձևի մեջ, այնպես չէ՞:

Եթե վերցնենք ծաղկամանը և դրանով հարվածենք պատին ու կոտրենք այն, ապա ի՞նչ կպատահի դրա մեջ եղած օդի հետ: Օդը կմահանա՞: Ո՛չ: Օդը չի կարող մահանալ: Ծաղկամանը կարող է փշուր-փշուր լինել, սակայն ոչինչ չի կարող պատահել դրա մեջ եղած օդին, բացի նրանից, որ այն կկորցնի ձևի սահամանափակումը:

Երբ Հիսուս մահացավ խաչի վրա, մեռավ Նրա մարմինը, բայց ոչ՝ Հոգին: Աստծո Հոգին երբեք չի մահանում: Աստված ընդունեց մարդու կերպարանք, սակայն Հիսուս երբեք միայն մարդ չի եղել:

Խաչի վրա Նա վճարեց մեր մեղքերի համար ու կործանեց մեր և Իր միջև առկա պատնեշը: Նրա մահվան շնորհիվ՝ մենք կարող ենք Աստծո հետ խաղաղություն ունենալ: Թեև մենք մեղավոր ենք, սակայն Աստծո արդարադատությունը լիովին բավարարված է Հիսուսի զոհաբերության շնորհիվ՝ Գառը, որ մորթվեց մեր փրկության համար: Սա Աստծո սիրո կատարյալ արտահայտությունն է՝ Հիսուսի կամովին կատարված զոհաբերությունը մեր մեղքերի համար:

Կարող եք առարկել՝ բայց սա արդար չէ: Դուք ճիշտ եք: Մենք արժանի չէինք, որ Հիսուս մեր փոխարեն մահանար: Սակայն դա էր Աստծո փրկությունը մեզ համար: Արդյոք մե՞նք պետք Աստծուն ասենք, թե ինչպիսին պետք է լինի մեր փրկությունը:

Հիսուս վճարեց մեր մահապատժի համար, որպեսզի մենք ստիպված չլինենք մեր մեղքերի պատճառով մեռնելու: Նա ուզում է, որպեսզի մենք Իր հետ հարաբերություն հաստատենք, ճանաչենք Իրեն և հավիտենական կյանք ունենանք:

Եվս մեկ պատմություն: Սա իրական պատմություն է, որը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ է արել Հիսուս մեզ համար:

Մի արդարամիտ դատավոր կար, ով ոչ մի կաշառք չէր վերցնում: Նա արդար էր և նվիրյալ կերպով կատարում էր իր գործը: Մի օր մի կին բռնվեց հանցանքի մեջ, և նրան բռնողներն այդ կնոջը բերեցին դատավորի մոտ: Նրա գործած հանցանքի պատիժը մահը պետք է լիներ կամ ահռելի չափերի հասնող տուգանք, որի հնարավորությունն այդ կինը չուներ:

Դատավորը հարցրեց նրան.
-Դու ընդունո՞ւմ ես քո հանցանքը:
Ի պատասխան, կինը միայն աղաղակում էր.
-Ձերդ մեծություն, ես չեմ կարող վճարել այդ տուգանքը: Ես չունեմ այդքան գումար: Խնդրում եմ՝ ներեք ինձ…
Դատավորն ասաց նրան.
-Ես հարցնում եմ՝ Դուք Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք: Դուք հանցավո՞ր եք այս արարքի մեջ: Վերջապես կինը պատասխանեց.
-Այո՛, Ձերդ մեծություն: Մեղավոր եմ:
Դատավորը շարունակեց.
-Այդ դեպքում պետք է ընդունեք պատիժը՝ տուգանք կամ մահապատիժ,-և ավարտեց դատավարությունը:

Այս կինը սկսեց ողբալ ու աղաղակել՝ ներում աղերսելով, սակայն ոստիկանները նրան դատարանից տեղափոխեցին բանտախուց: Դատավորը փոխեց իր հանդերձանքը և դուրս եկավ դատարանի շենքից: Նա ուղևորվեց ուղիղ գանձապետարան և վճարեց այդ կնոջ ազատման համար անհրաժեշտ ողջ տուգանքը: Ինչո՞ւ: Քանի որ նա սիրում էր նրան: Այդ կինը նրա աղջիկն էր: Նա փրկագնեց իր աղջկան՝ վճարելով այն ամենն, ինչ ուներ:

Երբ դատավորը փոխեց իր հանդերձները, նա դարձավ սովորական մարդ: Սա ճիշտ նրա նման է, ինչ արեց Հիսուս: Նա թողեց Իր երկնային փառքը, հանեց Իր փառավոր հանդերձները և դարձավ սովորական մի մարդ: Եվ նաև մահացավ մեր փոխարեն, որպեսզի մենք ազատ լինենք մեր մեղքերի դատապարտությունից և Աստծուց հավիտենական բաժանումից:

Շատ մարգարեներ են ասել, որ Հիսուս աշխարհ է գալու և մեռնելու է մարդկանց մեղքերի համար: Մարդկության համար հավիտենական կյանք ունենալու միակ հույսը Հիսուս է:

Ադամի և Եվայի ժամանակ Աստված սատանային ասաց, որ կնոջ սերնդից Մեկը ջախջախելու է նրա գլուխը և ազատագրելու է մարդկությանը: Հիսուսի մահը և հարությունը հենց այդ հաղթանակն էին սատանայի զորության նկատմամբ: Հիսուս հաղթեց մեղքին, մահին և քանդեց մեր և Աստծո միջև առկա բաժանարար պատնեշը՝ սատանային կործանող հարված հասցնելով խաչի վրա Իր պատարագի շնորհիվ:

6. Ինչո՞ւ Հիսուսին չընկալել միայն որպես մարգարե:

Միայն մեկ Աստված գոյություն ունի: Մենք բազմաթիվ ճշմարտություններ գիտենք Աստծո մասին:
Աստված հավիտենական է՝ Նա միշտ գոյություն է ունեցել, գոյություն ունի հիմա և գոյություն է ունենալու միշտ:
Աստված սուրբ է՝ անթերի ու կատարյալ:
Աստված ճշմարտություն է՝ Նրա Խոսքը անսխալական է, անփոփոխ և ճշմարտացիորեն վստահելի:
Աստված ամենագո է՝ Նա ներկա է ամենուրեք և ամեն ժամանակ:
Աստված ամենազոր է՝ Նրա զորությունն անսահման է:
Աստված ամենագետ է՝ Նա միշտ գիտի ամեն բան:
Աստված արարիչ է՝ չկա գոյություն ունեցող որևէ բան, որ Նա չէ արարել:

Միայն մեկ Աստված կա: Եվ վերը ասված ամեն բան Նրա մասին բացարձակ ճշմարտություն է: Մենք սա գիտենք, քանի որ Աստվածաշունչն է մեզ հայտնում այդ ճշմարտություններն Աստծո մասին: Նա որոշել է Իրեն հայտնել մարդկությանը և Իր մասին այս տեղեկատվությունը հասանելի դարձնել մեզ համար:

Աստվածաշունչը նաև հայտնում է մեզ, որ Հիսուս ճիշտ այս նույն հատկանիշների կրողն է՝ որպես Աստված: Ասվածը ճիշտ է նաև Սուրբ Հոգու դեպքում: Օրինակ՝ եկեք դիտարկենք Նրա հավիտենական լինելը:

Աստվածաշունչն ասում է. «Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով արարվեց, և չկա մի բան, որ առանց Նրա արարված լինի»12:

Նաև կարդում ենք, որ Հիսուս «աներևույթ Աստծո պատկերն է՝ ամեն ստեղծվածներից առաջ ծնուած։ Քանի որ Նրանով ամեն բան ստեղծվեց՝ ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա է՝ երևացողները և չերևացողները, թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները… ամեն բան Նրանով և Նրա համար ստեղծվեց»13:

Սակայն եթե միայն մեկ Աստված կա, ինչպե՞ս կարող էր Հիսուս նույնպես լինել Աստված:

Երկրի վրա մենք ապրում ենք եռաչափ տարածության մեջ: Յուրաքանչյուր առարկա, այդ թվում նաև մարդիկ, ունեն կշիռ, լայնություն և երկարություն: Երկու մարդ կարող են իրար շատ նման լինել, կարող են նույնպիսի հետաքրքրություններ և մասնագիտություն ունենալ, բայց նրանք երբեք չեն կարող բացարձակապես նույնը լինել. նրանք տարբեր անհատականություններ են:

Սակայն Աստված դուրս է եռաչափ տիեզերքի մեր սահմանափակումներից: Նա Հոգի է և անսահմանորեն ավելի բարդ կառուցվածք ունի, քան մենք: Սա է պատճառը, որ Հիսուս՝ Աստծո Որդին, դարձավ Իր Հորից տարբերվող Մեկը, սակայն, միևնույն ժամանակ, Նա նույն Աստված է:

Աստվածաշունչը հստակ առանձնացնում է Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգի Աստծուն, բայց ոչ պակաս հստակ ասում է նաև, որ գոյություն ունի միայն ՄԵԿ Աստված: Եթե փորձենք ասվածը ներկայացնել մաթեմատիկորեն, ապա այն կունենա ոչ թե հետևյալ հավասարման տեսքը՝ 1+1+1=3, այլ կներկայացվի այսպես՝ 1x1x1=1: Աստված Մեկն է:

Եսայիան ասում է. «Սրա համար Տերն Ինքը ձեզ նշան կտա. ահա, կույսը կհղանա և կծնի մի Որդի, և Նրա անունը կկոչվի Էմմանուել»14: Էմմանուել բառացիորեն նշանակում է «Աստված մեզ հետ»:

Հիսուս ասաց, որ Աստծուն ճանաչելը նույնն է, թե Իրեն ճանաչելը, որ Իրեն տեսնողը Աստծուն է տեսնում, որ Իրեն հավատացողը Աստծուն է հավատում:

Հիսուսի կյանքի մասին ավելին իմանալու և վերը բերված պնդումների ապացույցներին ծանոթանալու համար ընթերցեք «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը:

Այնուամենայնիվ, Աստծո մասին ևս մի բան կա, որ պետք է իմանաք. Նա սիրում է ձեզ և հոգ է տանում ձեր մասին:

Հիսուս ասում է մեզ. «Ինչպես Իմ Հայրն Ինձ սիրեց, Ես էլ ձեզ սիրեցի: Մնացեք Իմ սիրո մէջ։ Եթե Իմ պատվիրանները պահեք, Իմ սիրո մեջ կմնաք, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզնում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի»15:

Հիսուս հրավիրում է մեզ. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա վերցրեք Իմ լուծը և Ինձնից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»16:

Աստծո համար գործ անելու ջանքերի մեջ Հիսուս մեզ ազատություն է առաջարկում: Մենք վերապրում ենք Նրա սերը և մեզ մոտ Աստծուն հաճելի լինելու մղում է առաջանում: Սա վախի հետևանք չէ, այլ Նրան ճանաչելու ուրախության:

Հիսուսի հետևորդներից մեկը՝ Պողոսը, վերապրել է ասվածը և հետևյալ մեկնաբանությունը գրել այդ մասին. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ զորություններ, ո՛չ ներկա բաներ, ո՛չ գալու բաներ, և ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն, և ո՛չ մեկ այլ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է»17:

Եթե ուզում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչ է Հիսուս առաջարկում, խնդրում ենք ընթերցել «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը:

 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
 Ինչպես ճանաչել Աստծուն…

Հղումներ: (1) Մատթեոս 5:18 (2) Մատթեոս 24:35 (3) Բ Տիմոթեոս 3:16 (4) Եսայիա 40:8 (5) Բ Կորնթացիս 13:1 (6) Ա Հովհաննես 1:1 (7) Genesis 3:14,15 (8) Եսայիա 53:1-6 (9) Եսայիա 9:6 (10) Հովհաննես 1:29 (11) Հռոմեացիս 5:8 (12) Հովհաննես 1:2,3 (13) Կողոսացիս 1:15,16 (14) Եսայիա 7:14 (15) Հովհաննես 15:9-11 (16) Մատթեոս 11:28-30 (17) Հռոմեացիս 8:38,39

Կիսվել ուրիշների հետ:  

TOP