Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ի՞նչ է նշանակում ճանաչել Աստծուն

Դու չպետք է այս կյանքի ընթացքը միայնակ անցնես: Ահա, թե ինչ է Աստված առաջարկում…

Ջ. Ի. Փեքերը հրաշալի է ձևակերպել այս միտքը. «Մենք շատ դաժան կգտնվենք ինքներս մեր հանդեպ, եթե փորձենք այս աշխարհում ապրել առանց այն ստեղծած Աստծուն ճանաչելու»1:

Երբ աթեիստ էի, փնտրում էի կյանքի այնպիսի փիլսոփայություն կամ այնպիսի սկզբունքներ, որոնք ինձ կօգնեին կյանքի ցանկացած իրավիճակում: Կարծում էի, եթե գտնեմ ապրելու հզոր նպատակներ կամ գործող ու փորձված սկզբունքներ, ապա կկարողանամ անցնել կյանքի բոլոր իրավիճակներով և դառնալ կարող ու զորեղ մեկը:

Ես համառորեն փնտրում էի. ընտրում էի մի փիլիսոփայություն և ուսումնասիրում այն, մինչև դրա էությունն ամբողջովին ընկալելս, հետո անցնում հաջորդին… Այսպես բազմաթիվ փիլիսոփայություններ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ դրանք կա՛մ անիրական են, կա՛մ ինձ գոհացնելու համար ոչ բավարար:

Ես չէի գիտակցում, որ իրականում կարիք ունեմ այնպիսի Մեկի օգնությանը, Ով ինձ հետ կլիներ և կուղեկցեր ողջ կյանքիս ընթացքում: Ես կարիք ունեի այն Մեկի, Ով անսահման է, անթերի և տիրապետում է կատարյալ իմաստության, որով պատրաստ է կիսվելու ինձ հետ:

Ընկերոջս կյանքը օրինակ դարձավ ինձ համար ու ստիպեց մտածումներս թեքել այլ ուղղությամբ՝ արդյո՞ք Աստված իսկապես գոյություն ունի:

Աստծո գոյության ապացույցները մեկուկես տարի ուսումնասիրելուց հետո, Նրան խնդրեցի գալ իմ կյանք:

Աստվածաշունչն ասում է այն, ինչի ճշմարտացիության մեջ համոզվեցի ինքս. «…եթե մեկը Քրիստոսում է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ»2:

Այստեղ նշված է Քրիստոսի անունը, քանի որ հենց Նա է այդ փոփոխությունները բերողը: Հիսուսն ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»3:

Երբ Ավետարանում ընթերցում էի Հիսուսի կյանքի մասին, նկատեցի, թե որքան հաճախ և որքան մանրամասնորեն է Նա խոսում մեր հանդեպ տածած Իր սիրո մասին:

Տրամաբանական փնտրտուքներով սկսված իմ որոնումը վերածվեց անձնական համոզվածության, որ Աստված շատ ավելին է, քանի երբևէ կարող էի պատկերացնել: Հասկացա, որ Աստծո սերը հիմնված չէ «եթե կամենանք…» կամ «երբ կամենանք…» իրողությունների վրա, այն կախված չէ նույնիսկ մեր գործերից կամ Աստծո սիրուն արժանանալուց: Մենք չենք կարող դրան արժանանալ: Նա սիրում է մեզ, քանի որ սիրելը Աստծո էությունն է:

Դավիթը Սաղմոսներում ասում է. «Քո ողորմությունը լավ է, քան թե կյանքը»4: Եվ նաև. «Կյանքի աղբյուրը Քեզ մոտ է, և Քո լույսով ենք տեսնում լույս»5:

Երբ սկսեցի Աստծո հետ իմ փոխհարաբերությունը, կյանքս դարձավ իմաստալից:

Կարո՞ղ է արդյոք Աստված փոխել քո կյանքը: Այո՛:

Ահա՛ մի քանի մարդկանց վկայություններ, որոնք գրել են մեր կայքին.
- Պարզապես չեմ կարող արտահայտել այն սերը, որ զգում եմ Աստծուն վստահելու հնարավորություն ունենալուս համար:

- Այժմ ես Աստծո հետ փոխհարաբերության մեջ եմ: Իրական է այն, որ մենք ստեղծվել ենք Նրա հետ հարաբերություն ունենալու համար: Ես այժմ ինձ ամբողջական եմ զգում:

- Շնորհակալ եմ, որ բացեցիք իմ աչքերն ու սիրտը և ցույց տվեցիք, թե ինչպես կարող եմ Աստծո հետ հարաբերություն ունենալ:

- Ես աթեիստ եմ եղել և դեռ վեց ամիս առաջ ոչինչ չգիտեի Քրիստոսի մասին: Իմ հարաբերությունը Նրա հետ աճում է և աննկարագրելիորեն զարմանահրաշ է: Ես ապրում էի ծանր բեռների տակ կքված և ինձ երբեք երջանիկ չէի զգացել: Սակայն Աստված հավատարիմ է և շարունակում է ապացուցել Իր ասնահման սերն իմ հանդեպ:

- Շնորհակալ եմ ձեզնից Աստծուն գտնելու հարցում ինձ օգնելու համար: Ես համոզված եմ, որ հենց Աստված է ձեզ ուղղորդել այդ հարցում, Նա է ցանկացել, որ ես գտնեմ Իրեն:

- Ես դեռ սովորում եմ իմ Փրկիչ ու Տեր Հիսուսի մասին: Պետք է ասեմ, որ Աստծո հանդեպ լցվում եմ երկյուղով: Նա հրաշալի է: Մեծ սիրով եմ կարդում Հովհաննեսի Ավետարանը, որը հրաշալիորեն է ներկայացնում Հիսուսին: Ես ուրախ եմ, որ դարձել եմ Հիսուս Քրիստոսի հետևորդը:

- Շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ գտնելու Աստծուն, ինչպես նաև՝ ինքս ինձ:

- Այժմ գիտեմ, որ կարող եմ դիմել Աստծուն, երբ դժվարություններով եմ անցնում: Գիտեմ, որ չպետք է ամեն բան իմ ներսում պահեմ կամ խոսեմ ինչ-որ մեկի հետ կամ էլ փորձեմ խեղդել դժվարություններս խմիչքի օգնությամբ: Ես կարող եմ դիմել Աստծո օգնությանը:

Ինչպե՞ս է այս ամենը տեղի ունեցել և կարո՞ղ է արդյոք քեզ հետ էլ նույնը կատարվել:

Աստված կարող է փոխել քո կյանքը, ու թեև այն խնդիրներից լիովին ձերբազատված չի լինի, և դու դեռ շարունակելու ես ունենալ ֆինանսական, մարդկային և այլ մարտահրավերներ, շարունակելու ես ապրել մի աշխարհում, որը շա՜տ հեռու է կատարյալ լինելուց, այնուամենայնիվ քեզ հետ է լինելու Աստված, որ օգնելու է քեզ…

Հիսուսն ասում է. «Ես եմ աշխարհի Լույսը: Ով Իմ հետևից գայ, նա խավարի մեջ չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»6: Մենք այլևս կուրորեն չենք ապրում այս կյանքում: Նա առաջնորդում է մեզ:

Նա հեռացնում է վախը: Անկախ կյանքիդ իրավիճակներից՝ դու կարող ես վստահել Աստծուն: Հիսուսն ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս՝ Ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը չխռովվի և չվախենա»: Նա ավելի ուժեղ է, քան ցանկացած խնդիր և քայլելու է քեզ հետ բոլոր դժվարությունների միջով՝ որպես քո լավագույն բարեկամ:

Նա կարող է փոխել մեր կյանքի այն ոլորտները, որոնք մենք ի զորու չենք փոխելու: Աստվածաշունչն ասում է, որ մեր կյանքում կան ոլորտներ, որոնք ստրկացրել են մեզ և իշխում են մեզ վրա:

Գուցե չենք ուզում բարկանալ, սակայն կորցնում ենք ինքնատիրապետումը և ափերից դուրս գալիս, գուցե ուզում ենք առատաձեռն լինել, սակայն դժվարանում ենք մյուսներին մեր կարիքներից ու ցանկություններից բարձր դասել: Նույնիսկ, երբ խաղաղ լինել ենք ուզում, տառապում ենք ոմանց հանդեպ տածած ատելությունից և, թվում է՝ անկարող ենք փոխել այդ իրավիճակը:

Հիսուսն ասում է, որ երբ ճանաչենք Իրեն, «կճանաչենք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի մեզ»7: Նա փոխում է կյանքն ընկալելու մեր կերպը, ուրիշների մասին մեր կարծիքները, ինչպես նաև մեր իսկ մասին մեր կարծիքը: Աստված հիասքանչ է և ավելի իրական, քանի կարող ենք պատկերացնել:

Ուզո՞ւմ ես այս կերպ ճանաչել Աստծուն…

Աստված այնպիսի անկեղծ սիրով է սիրում մեզ, որ Իրեն մոտենալու ճանապարհ բացեց մեզ համար: Մեր և Աստծո միջև միակ խոչընդոտը մեր մեղքերն են (մեր մտքերն ու գործերը, որոնք Աստծո համար ընդունելի չեն): Եթե երբևէ մտածել ես, թե ինչո՞ւ աղոթքներիդ պատասխան չի գալիս, ապա իմացիր, որ վերը ասվածն է քո հարցի պատասխանը…
Մեր մեղքերը մեզ բաժանում են Աստծուց, Ով սուրբ է:

Մեղքի հետևանքը մահն է: Դա Աստծուց հավիտենական բաժանումն է: Մեր հանդեպ Իր սիրուց դրդված՝ Աստված Ինքը վճարեց մեր մեղքերի համար: Սա մեր խնդիրների լուծումն է՝ Աստծո առաջարկած դեղամիջոցը:

Հիսուս Քրիստոսը («մարմնով հայտնված Աստված») Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, երբ մեր փոխարեն մահացավ խաչի վրա: Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար»8: Հիսուսը սա արեց մեզ համար, որպեսզի մենք ամբողջական ու հավիտենական ներում ընդունելու հնարավորություն ստանանք: Մեզ մեր Աստծուց բաժանող մեղքի պատնեշը այժմ քանդված է: Աստծո հետ հարաբերությունը բոլոր այն մարդկանց է առաջարկվում, ովքեր հավատում են Հիսուսին և ընդունում Աստծո կողմից ներում ստանալու առաջարկը:

Սա երկկողմ փոխհարաբերություն է՝ իրական հաղորդակցություն Աստծո հետ:

Կրոնները հաճախ առաջարկում են միակողմանի հարաբերության սցենարը՝ մարդը երկրպագում է Աստծուն, կատարում ծեսեր, ենթարկվում կանոնների և ապացուցում իր նվիրումն Աստծո հանդեպ: Այս մոտեցումը հնազանդություն է իր մեջ պարունակում, սակայն դրանում չկա փոխհարաբերություն:

Ի հակադրություն սրա՝ Աստվածաշունչը հստակորեն ներկայացնում է Աստծուն՝ որպես մարդու հետ մտերմություն փափագող, վերջինիս այս կյանքի ուղիներով առաջնորդող և հենց Իր հետ հարաբերության համար ստեղծած Տեր: Աստված հրավիրում է մեզ ճանաչելու և վստահելու Իրեն:

Մարդիկ բավականին մեծ գումարներ են վճարում «կյանքի խորհրդատուներին»: Այս մարդիկ, ծանոթանալով մարդու կյանքին, օրակարգին, հարաբերություններին, որոշումներին, փորձում են նրան իրենց խորհուրդներով առաջնորդել դեպի ավելի արդյունավետ և գոհացուցիչ կյանք:

Աստված ավելի լավ է մեզ ճանաչում, քան կյանքի ցանկացած խորհրդատու: Նա գիտի մեր անցյալը, ներկան և նաև ապագան: Նա լավագույնս տեղյակ է մեր ունեցած հարաբերությունների բոլոր մանրամասներին և մեր կյանքի վրա թողած դրանց հետևանքներին: Նա գիտի, թե ինչու է մեզ արարել, գիտի նաև մեր կյանքի այն կողմերը, որոնք մենք փափագում ենք փոխել, սակայն՝ ապարդյուն:

Կրոնը պահանջներ է առաջ քաշում: Հիսուսը մեզ առաջնորդում է դեպի ազատություն: Նա ասում է. «Եթե դուք Իմ խոսքի մեջ մնաք, ճշմարտապես Իմ աշակերտներն եք։
Եվ ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը կազատի ձեզ»9: Կազատի ինչի՞ց: - Անհանգստություններից, աննպատակ կյանքից, վախից, ատելությունից և վնասակար սովորություններից:

Կրոնական պարտականությունների փոխարեն Հիսուս մեզ առաջնորդում է դեպի կյանք պարգևող խաղաղությունը: Նա ասում է. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ… Ինձնից սովորեք և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»10:

Կյանքը հեշտ չէ, սակայն անհանգստության պահերին կարող ենք մեր հայացքն ուղղել զորեղ Աստծուն, Ում կարող ենք ճանաչել, Ով կարող է մեր սրտերին խաղաղություն պարգևել, իսկ կյանքը լցնել ուժով ու ուրախությամբ շատ ավելի լավ, քան մենք կկարողանայինք անել:

Եվ երբ խոսես Աստծո հետ և վստահես Նրան, հաճախ կտեսնես Նրա իմաստուն և հոգատար արձագանքը տարբեր իրավիճակներում: Կտեսնես, որ Նա լսում է աղոթքներդ: Սա չի նշանակում, թե մենք թելադրում ենք Աստծուն, և Նա անում է մեր քմահաճույքները, այլ որ կարող ենք հավաստիանալ մեր, ինչպես նաև բոլոր Իրեն վստահողների խնդիրներին Նրա տեղյակ լինելու և օգնության ձեռք մեկնելու մեջ: Աստծուն ճանաչելուն զուգահեռ Նրա հանդեպ հավատքը ավելի ու ավելի է աճում:

Հիսուսն ասում է. «Յուրաքանչյուրն, ով Ինձ մոտ է գալիս և Իմ խոսքերը լսում և կատարում, ցույց տամ ձեզ, թե ում է նման: Նա նման է մի տուն կառուցող մարդու, ով փորեց և խորացրեց և հիմքը ժայռի վրայ դրեց: Եվ երբ ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց և չկարողացավ շարժել այն, որովհետև ժայռի վրայ էր հաստատված»11:

Ահա՛, թե ինչու արժե վստահել Հիսուսին:

Հիսուս անթիվ-անհամար հրաշքներ է գործել մարդկանց համար: Սա է պատճառը, որ Նա այսքան մեծաքանակ հետևորդների բանակ ունի, և շատերն են Նրան հավատում: Նրա հրաշքներն անհերքելի էին՝ կույրերը տեսնում էին, կաղերը՝ քայլում, նա կերակրեց 5000 մարդու և նույնիսկ մահացած մարդկանց հարություն տվեց: Սակայն Հիսուսի Աստված լինելու մեծագույն ապացույցը մեռածների միջից Նրա հարություն առնելը պիտի լիներ: Սա պետք է փաստեր այն, որ մարդկանց ուղղված Նրա բոլոր խոստումներն ճշմարիտ էին: Կա՛մ Նա կրկին պետք է կենդանանար, կա՛մ մնալու էր գերեզմանում դրված:

Սակայն Հիսուսը բազմաթիվ անգամ էր ասել, որ Իր մահից և թաղվելուց երեք օր անց ֆիզիկապես կենդանանալու է՝ հաստատելով Իր Աստված լինելը, ինչպես նաև բոլոր ասած խոսքերի իսկությունը:

Հիսուսին խաչողները քաջատեղյակ էին Նրա այս խոսքերին: Այս պատճառով հռոմեական զինվորներից կազմված մի պահակախումբ կարգեցին Հիսուսի գերեզմանի պահպանության համար:

Հիսուսի մահը շատ դաժան տեսարան էր: Մինչև խաչելությունը, Նա գրեթե մահվան հասցնող չարչարանքների ենթարկվեց, իսկ հետո Նրա ոտքերն ու ձեռքերը մեխեցին խաչին: Խաչի վրա մահանալուց հետո Հիսուսի կողը գեղարդով խոցեցին՝ ի հաստատումն Նրա մահվան:

Սակայն գերեզման դրվելուց երեք օր անց Հիսուսի մարմինն այնտեղ չէր: Այս մասին բազմաթիվ պատմիչներ են վկայում12: Դրանից հետո Հիսուս բազմաթիվ անգամ և տարբեր վայրերում հայտնվեց շատերին:

Հիսուսի աշակերտներն այնքան հաստատուն համոզում ունեին Նրա Աստված լինելու և հարության փաստերի հանդեպ, որ ճամփորդում էին տարբեր երկրներ ու մարդկանց պատմում իրականությունը Հիսուսի մասին: Հաճախ այս ամենը նրանց համար կյանք էր արժենում. նրանք նահատակվում էին որպես մարտիրոսներ՝ չդավաճանելով իրենց հավատքին: Անգամ այսօր մարդիկ նախընտրում են մահը, քան Հիսուսի հանդեպ իրենց ունեցած հավատքն ուրանալը:

Նրա հետ հարաբերությունը շատ արժեքավոր է:

Երբ խնդրում ենք Հիսուսին գալ մեր կյանք, ստանում ենք Նրա ներումը և Նրա հետ հավիտյան տևող հարաբերություն սկսում: Հիսուս հրավիրում է մեզ սկսելու այդ հարաբերությունը հետևյալ կերպ. «Ահա, դռան [Ձեր սրտի] հետևում կանգնած թակում եմ: Եթե մեկը լսի իմ ձայնը և բացի դուռը, ներս կմտնեմ…»13:

Եթե սա նաև քո սրտի փափագն է, ապա կարող ես հենց հիմա հարաբերություն սկսել Նրա հետ: Ահա՛ մի աղոթք, որը կօգնի քեզ (թե ինչ բառերով կաղոթես, կարևոր չէ, կարևոր սիրտդ է, որ բաց է Աստծո առջև).
- Սիրելի Աստված, խոստովանում եմ, որ ապրել եմ Քեզնից հեռու: Շնորհակալ եմ, որ իմ բոլոր մեղքերը Քո վրա կրեցիր ու բարձրացրիր խաչի վրա: Ես ուզում եմ ստանալ Քո ներումը: Ուզում եմ Քեզ հետ հարաբերություն սկսել: Խնդրում եմ Քեզ, Տեր Հիսուս, արի՛ իմ կյանք: Առաջնորդի՛ր ինձ դեպի այն կյանքը, որի համար արարել ես ինձ: Ուզում եմ հենց այդպիսի կյանքով ապրել՝ ունենալով Քեզ հետ հարաբերություն և առաջնորդվելով Քո կողմից:

Եթե խնդրեցիր Հիսուսին քո կյանք գալ, ապա շուտով կսկսես գիտակցել, թե ինչ է կյանքն իրականում, կյանք՝ լի նպատակներով և Աստծո ներկայությամբ:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Ջ.Ի. Փեքեր. Աստծուն ճանաչելը, ԻնտերՎարսիթի Փրես, էջ 14: (2) Բ Կորնթացիս 5:17 (3) Հովհաննես 10:10 (4) Սաղմոս 63:3 (5) Սաղմոս 36:9 (6) Հովհաննես 8:12 (7) Հովհաննես 8:32 (8) Հովհաննես 15:13 (9) Հովհաննես 8:31,32 (10) Մատթեոս 11:28,29 (11) Ղուկաս 6:47,48 (12) Տե՛ս https://everystudent.com/features/bible.html (13) Հայտնություն 3:20

Կիսվել ուրիշների հետ:  

TOP