Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Իրական կյանք

Ինչպե՞ս գտնել իմաստ, նպատակ, բավարարվածություն կյանքում և լինել ընդունված…

Երբևէ ունեցե՞լ եք զգացողություն, որ կյանքում ավելին պիտի լինի, քան կա իրականում:
Ստորև ներկայացնում ենք կյանքի և դրանում Աստծո ունեցած դերակատարության մասին մի քանի շատ անմիջական վկայություններ:

Իրական բավարարվածություն…   (ըստ՝ Ջոն Գ.-ի)

Հավանաբար լսած կլինեք այն մարդու պատմությունը, որը կյանքում միայն մի բաղձալի նպատակ ուներ՝ հաղթահարել ինչ-որ մի լեռնագագաթ, սակայն երբ վերջապես նրան հաջողվում է իրականացնել այդ նպատակը, խորապես հիասթափվում է. այլևս հաղթահարելու բարձունք չկար: Նրա կյանքը միանգամից դատարկվում է, իմաստազրկվում ճիշտ այն ֆուտբոլիստի կյանքի պես, ով հաղթել էր մրցաշարի բոլոր խաղերում:

Իմ համալսարանական փորձառությունը բավականին նման է սրան. վերջին կուրսում թվում էր, թե հասել եմ այն ամենին, ինչին ձգտում էի՝ ընկերական մեծ շրջապատ, համալսարանական տարբեր կազմակերպությունների անդամություն, բարձր գնահատականներ, խնջույքներ, զվարճանքներ, սիրուն աղջիկներ…

Ամեն բան, ինչին ուզում էի հասնել, հասել էի, սակայն ներսումս չկար այն բավարարվածության զգացումը, այն գոհությունը, որ պիտի լիներ: Մի բան պակաս էր:

Անշուշտ, ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում իմ մեջ, ես խնամքով թաքցնում էի զգացումներս: Շատերը, թերևս, երազում էին իմ տեղը լինել, բայց նրանցից ոչ ոք չգիտեր, թե ներքին ինչ փոթորիկների միջով եմ անցնում:

Ավարտելուս տարվա ամռանն էր, երբ լսեցի, որ ինչ-որ մեկն Աստվածաշունչ է կարդում: Ես նախկինում էլ էի լսել աստվածաշնչյան մեջբերումներ, և մի փոքր էլ ինքս կարդացել Աստվածաշնչից, բայց, չգիտես ինչու, այս անգամ ամեն բան բացարձակապես այլ հնչողություն ուներ: Ես ցնցված էի: «Հե՜յ, այս ամենն այնքա՜ն ճիշտ է»: Երբևէ այսքան հստակ չէի գիտակցել, որ Աստվածաշունչը ճշմարիտ է և իրական: Բայց…

Հստակ գիտակցելով, որ Աստված ուշադրությունս Իր վրա է հրավիրում, փորձում է մոտենալ ինձ՝ համառորեն չէի ուզում Նրան ներս թողնել. վախենում էի կյանքս փոխելուց և այն մտքից, որ ընկերներս կմտածեն, թե ցնդել եմ: Սակայն որքան շատ էի մտածում այս ամենի մասին, այնքան ավելի հստակ էի գիտակցում (անկասկած, Աստծո օգնությամբ), որ Աստծուն ամեն բանից ու բոլորից վեր դասելն ամենաիմաստուն և ճշմարիտ որոշումն է:

Դժվար է նկարագրել, թե հետո ինչ պատահեց ինձ հետ. ես հանկարծ հայտնաբերեցի, որ Աստված Ի՛նքն է իրական բավարարվածության աղբյուրը…
Սա նորություն չէր, ոչ էլ գյուտ էի արել, ոմանք վաղու՜ց գիտեին այս ճշմարտությունը…Աստված մի՛շտ էր սա առաջարկել Իրեն փնտրողներին՝ ասելով. «Ես եմ կյանքի հացը: Ինձ մոտ եկողը չի սովի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի»1:

Անշուշտ, կյանքն ունի իր վերելքներն ու վայրէջքները, հիասթափություններն ու պայքարները, սակայն միայն Ինքը՝ Աստված է իմաստ հաղորդում կյանքին՝ որպես Կենդանի իրողություն և փաստ, որպես մեր գոյության իրական Պատճառ և Նպատակ, և Նրան գտնելը մեր կարևորագույն խնդիրն է:

Ընդունված լինելու իրողությունը…   (ըստ՝ Ռոբերտ Ս.-ի)

Հիշում եմ՝ փոքր ժամանակ հեռուստացույցով դիտում էի «Օզի կախարդը» ֆիլմը: Հիշու՞մ եք այդ պատմությունը, որ Դորոթին ու ընկերները գնում են Օզի կախարդի մոտ օգնության խնդրանքով, սակայն կախարդը նրանց դիմավորում է բարկացած ու սարսափազդու ձայնով և պահանջում անել անհնարինը՝ իր մոտ բերել չար կախարդուհու ցախավելը:

Ահա, այսպիսին էր «հրաշալի» Օզի կախարդը:

Տարիներն անցնում էին, սակայն իմ ընկալումներում Աստված չէր դադարում նման լինել Օզի կախարդին: Կարծում էի, որ Նա չար է և բռնկվող, ինչպես նաև՝ իմ մասին շատ քիչ բան իմացող: Երեխա ժամանակ մի քանի նկար էի տեսել եկեղեցում, որտեղ Աստված հեռավոր, ոչ այս աշխարհից և անհասանելի մեկն էր ինձ համար: Թեև Քրիստոսի մահը խաչի վրա ընկալում էի որպես մեծագույն զոհաբերություն, սակայն ինձ թվում էր, թե Նա չուզելով է գնացել այդ քայլին: Իմ կարծիքով Աստծու՝ իմ նկատմամաբ հետաքրքրությունը սահմանափակվում էի միայն այնքանով, թե որքանով եմ խելոք մնում կամ ինձ լավ պահում և արդյո՞ք ապրում եմ Իր պատվիրաններով, թե ոչ…
Եթե երբևէ Աստված ընդուներ ինձ, ապա ես նախ պետք է ապացուցեի, որ արժանի եմ դրան…
Ինչպես տեսնում եք, Աստված կարևոր տեղ չէր զբաղեցնում իմ կյանքում: Նրան նկարագրելու իմ փորձերի մեջ ես երբեք չէի օգտագործում «հիասքանչ» բառը:

Բայց համալսարանի վերջին կուրսում ամեն ինչ փոխվեց: Վարագույրը պատռվեց: Կյանքումս առաջին անգամ ինչ-որ մեկը Աստվածաշնչի օգնությամբ (գիրք, որ կարծում էի, թե լի է մշուշով) ինձ ցույց տվեց, թե ով է Աստված իրականում… Նա չար կամ դյուրագրգիռ չէ, այլ՝ ճիշտ հակառակը՝ սիրող է ու կարեկից: Նա գիտի, որ կյանքս կատարյալ չէ, որ ես անկարող եմ ապրել միմիայն պատվիրաններով և ամբողջությամբ համապատասխան լինել Իր չափանիշներին: Այսպիսով՝ Նա Իր մեծ սիրո շնորհիվ դարձավ այն կատարյալ Մարդը, Ով այդ կատարյալ չափանիշներով ապրեց հենց ինձ համար:

Ես հասկացա, որ Հիսուս Քրիստոս ոչ միայն իմ օրինակն էր, այլև՝ ինձ փոխարինողը: Ես ոչ թե պետք է նմանակեի Նրա տառապանքը, այլ պետք է օգտվեի այդ տառապանքի ընձեռած հնարավորություններից: Խաչի վրա Նրա մահը, որն, ի դեպ հետո հասկացա, որ կամովին է եղել, իմ մեղքերի ու հանցանքների դատապարտությունն էր: Խաչի վրա Աստված ի ցույց դրեց Իր մեծ սերն իմ հանդեպ, հենց այնտեղ Նա ցույց տվեց, թե որքան լավ է ճանաչում ինձ, հենց այնտեղ ես ընդունելի դարձա Նրա համար: Աստվածաշունչն ասում է. «Աստված Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որպեսզի մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում»2:

Ես հայտնաբերեցի, որ ընդունված լինելու իրողությունը կախված է մեր փոխարեն մեր պարտքերը Վճարողից:
Ուզում եմ քաջալերել, որ դուք էլ գտնեք Նրան և ընդունեք Նրա առաջարկած ներումը, ունենաք ընդունված լինելու երանելի վիճակը:

Իրական նպատակ…   (ըստ՝ Մարտին Ա.-ի)

Միշտ կարծել եմ, որ կյանքը պետք է նպատակ ունենա: Անշուշտ, ոչ ամեն օր և ամեն վայրկյան, նկատի ունեմ, որ ի՞նչ նպատակ կարող է լինել լվացքատանը: Եվ ոչ էլ կարծում եմ, թե կյանքը պետք է միշտ լուրջ լինի: Մենք բոլորս էլ լավ ժամանակ անցկացնելու կարիք ունենք:

Սակայն, կյանքն ավելին պետք է լինի, քան պարզապես հաճույքների որոնումը, մանավանդ, որ դրանք այդքան էլ երկար չեն տևում: Դրանք կարճատև են և անցողիկ: Ռավի Զախարիասը հրաշալի կերպով է այս մասին ասում. «Եթե ավելի մեծ իմաստ չկա կյանքում… ապա այն առանց առաջ մղող ուժի է, առանց էության ու բացատրության»:

Մի քանի տարի ուսումնասիրեցի այնպիսի փիլիսոփայական միտք ունեցող մարդկանց, ինչպիսիք են Դոստոեվսկին, Սարտրեն, Նիցշեն, Սոկրատեսն ու մյուսները: Ես փնտրում էի իմ կյանքի հիմնական շարժիչ ուժը, մոտիվացնող իմաստը: Մի քանի շաբաթը մեկ ես նոր փիլիսոփայություն էի ուսումնասիրում, որպեսզի գտնեմ փնտրածս, բայց բոլոր այդ փիլիսփայական տեսությունները հիասթափեցնում էին, երբ փորձում էի դրանք կիրառության մեջ դնել, ու ես շարունակում էի որոնումներս:

«Թայմ» պարբերականի միջազգային նորությունների լրագրող դր. Դեյվիդ Էյկմանը որոշակիորեն լույս սփռեց այս խնդրի վրա: Նա մի քանի գիտական աստիճան ուներ, ռուսական ու չինական պատմության և կոմունիստական աշխարհի փորձագետ էր, աշխատել էր ավելի քան երեսուն երկրներում, ազատ տիրապետում էր վեց լեզվի և կյանքի խնդիրների շուրջ լրջորեն տրամաբանող մեկն էր: Նա ասում էր. «Մեզնից յուրաքանչյուրը իմաստ ունի կյանքում, ունի այստեղ լինելու նպատակ, որն Աստծուց բացի ուրիշ ոչ ոք չի կարող քեզ հայտնել»:

Դր. Էյկմանը խորհուրդ էր տալիս Հիսուս Քրիստոսի հետ հարաբերություն սկսել. «Երբ Աստվածաշնչում կարդացի Հիսուսի խոսքերը, թվաց՝ Նա իմ սրտին է դիմում, երբ ասում է. «Ես եմ դեպի կյանք տանող ճանապարհը: Եթե Ինձ հետևես և անես այն, ինչ ասում եմ, քո կյանքը կփոխվի»: Նա պատմում է Հիսուս Քրիստոսի հետ հարաբերության մեջ մտնելու իր առաջին քայլերի մասին, երբ խնդրել էր Նրան մուտք գործել իր կյանք: Դր. Էյկմանը ինձ ներկայացրեց իր եզրահանգումը. «Կարող եմ խոստանալ Ձեզ… յուրաքանչյուրը, ով այս առաջին քայլը կանի դեպի Հիսուս Քրիստոս, ցնծալի կյանք կունենա»:

Դր. Էյկմանի նման ես էլ աթեիստական անցյալ եմ ունեցել, և նրա նման ինձ էլ բավականին տարօրինակ էին թվում Հիսուսի պնդումները սեփական անձի մասին: Հիսուս մատնացույց չէր անում կյանքի փիլիսոփայության շուրջ Իր մոտեցումները, այլ մարդկանց ուշադրությունը սևեռում էր Իր վրա: Նա ասում էր, որ կարող է ներել մեր մեղքերը, մեզ ներքին խաղաղություն պարգևել՝ անկախ մեր կյանքի իրավիճակներից, և կարող է առաջնորդել մեզ դեպի ազատ կյանք:

Մի օր հասկացա, որ եթե Աստված գոյություն ունի, ապա ես մեծ ցանկություն ունեմ Նրան ճանաչելու: Սակայն դեռ թերահավատ էի: Ինձ ծանոթ քրիստոնյաների հետ հաճախ էի բանավեճերի բռնվում և նրանց հակառակ փաստարկներ ներկայացնում: Ինձ Քրիստոսի Աստված լինելու ապացույցներ էին անհրաժեշտ: Մի օր փորձեցի անկեղծորեն ու առանց նախապաշարումների ուսումնասիրել Աստծո գոյության և Քրիստոսի Աստված լինելու թեմաները: Ես ցնցված էի պատմական ու տրամաբանական փաստարկների քանակից: Դրանից հետո հստակ հասկացա, որ պետք է որոշում կայացնեմ՝ կա՛մ Նրան խնդրել մուտք գործել իմ կյանք և Իր ուզած ձևով ազդեցություն ունենալ կյանքիս վրա, կա՛մ փակել կյանքիս այս գլուխը և մերժել Աստծուն իմ կյանք երբևէ ընդունելու հնարավորությունը:

Հիսուսին հավատալու հստակ տրամաբանական պատճառները քննելուց հետո որոշում կայացրեցի խնդրել Նրան, որպեսզի մտնի իմ կյանք: Եվ հենց այդ օրը կյանքի իմաստի իմ որոնումները պսակվեցին վերջնական հաջողությամբ:

Ինձ համար զարմանալի էր, որ կարող եմ Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալ: Ես խոսում էի Նրա հետ, և իրավիճակների փոփոխման միջոցով Նա հասկացնում էր, որ լսել է ինձ: Նա առաջնորդում էր ինձ այնպիսի ճանապարհներով, որոնց մասին կարող էի միայն երազել: Ես Նրան հարցեր էի տալիս, իսկ Նա ինձ պատասխանում էր, հստակորեն ուղղորդում և ցույց տալիս Աստվածաշնչի համապատասխան ու տեղին տողերը:

Այս ամենը մեկանգամյա փորձառություն չէր, այլ երկկողմանի հարաբերություն Աստծո հետ, որը վայելում էի հարատևորեն և մինչ օրս էլ վայելում եմ: Դա իմ սուրբ դառնալու հետևանքը չէր, այլ արդյունք էր Հիսուսի խոստման, Ով պատրաստ է մուտք գործել յուրաքանչյուրի կյանք, ով ուզում է ճանաչել ու հետևել Նրան:

Աստծուն հետևելու մեջ մեծ ուրախություն կա, և Հիսուսին ճանաչելը, ի տարբերություն իմ մյուս փնտրտուքների, կյանքս լցրեց իրական իմաստով:

Հիսուս Քրիստոս

Իրական կյանքը մի կյանք է, որը լեցուն է բավարարվածությամբ, ընդունված լինելու իրողությամբ, իմաստով և նպատակով: Այս ամենը գտնում ենք Հիսուս Քրիստոսի հետ հարաբերության մեջ: Մարդկային պատմության ողջ ընթացքում ոչ ոք այնպիսի պնդումներ չի արել, ինչպիսիք արել է Հիսուսը, և ոչ միայն արել, այլև ապացուցել Իր պնդումների ճշմարտացի լինելը: Նա պնդում էր, որ Աստված է, որ կարող է մեղքեր ներել և որ միակ ճանապարհն է, որի միջոցով կարող ենք ճանաչել Հայր Աստծուն: Նա այս պնդումների ճշմարտացիությունն ապացուցել է մեռածների միջից հարություն առնելու փաստով: Նա երբևէ ապրած ամենաառանձնահատուկ անձնավորությունն է՝ շատ ավելին, քան պարզապես մի մեծ ուսուցիչ:

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոս Աստված է, Ով մարդացավ. «Եվ Խոսքը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»3: Նա Աստծո «էության նկարագիրն է»4: Այլ խոսքով՝ Հիսուս Քրիստոս մեզ հայտնեց, թե իրականում ինչպիսին է Աստված: Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք հարաբերություն սկսել Նրա հետ:

Մենք Աստծո հետ հարաբերություն չենք սկսում ավելի լավ մարդ դառնալու փորձերի շնորհիվ: Աստծո բարեհաճությունը գտնելու հարցում ավելի մեծ ջանքեր գործադրելը այն ուղին չէ, որով սկսում ենք մեր հարաբերությունը: Երբևէ փորձե՞լ եք նման կերպով ինչ-որ մեկի հետ հարաբերություն սկսել: Այդքան էլ զվարճալի տեսարան չէ:

Աստված այնպիսի՜ սեր ունի մեր հանդեպ, որ ճանապարհ է հարթել Իրեն մոտենալու համար: Սակայն մի խնդիր կա՝ Մեր և Աստծո միջև մեղքերի պատնեշը, մեր եսակենտրոնությունը, որը դրսևորվում է բարկությամբ, խոցող խոսքերով, անհամբերությամբ, ագահությամբ, չարությամբ և այլն: Եթե երբևէ հարց եք տվել ինքներդ ձեզ, թե ինչո՞ւ իմ աղոթքներն առաստաղից վեր չեն բարձրանում, ապա հենց սա է այդ հարցի պատասխանը: Մեր մեղքերը մեզ մեկուսացնում են Աստծուց, Ով սուրբ է:

Ի՞նչ է Աստված արել, որպեսզի մեզ համար ուղի բացի Իր հետ հարաբերության մեջ մտնելու համար: Մարմնացած Աստված՝ Հիսուս Քրիստոս, Իր վրա վերցրեց մեր բոլորի մեղքերը և խաչի վրա կամովին մեռավ մեր փոխարեն: Նա արեց սա, որպեսզի մենք ամբողջական ներում ստանանք և ամբողջովին ընդունելի լինենք Իր համար:

Որպես օրինակ՝ ներկայացնենք համալսարանի մի ուսանողի պատմությունը, ում մեղադրում էին հանցագործության մեջ: Դատավորը նրան դատապարտեց կա՛մ երեսնօրյա աշխատանքի, կա՛մ 1000 դոլար տուգանքի: Ուսանողը ո՛չ առաջինի հնարավորությունն ուներ, ո՛չ երկրորդի: Դատավորը գիտեր այդ մասին: Դատավճիռից հետո նա հանեց իր հանդեձանքը, մոտեցավ դրամարկղին և վճարեց տուգանքը: Ինչո՞ւ: Քանի որ, որպես դատավոր, նա չէր կարող խախտել օրենքը, սակայն որպես հայր (այդ ուսանողը նրա որդին էր)՝ կարող էր, և նա վճարեց տուգանքն իր որդու փոխարեն:

Հենց սա արեց Հիսուս խաչի վրա: Նա վճարեց մեր փոխարեն: Նա մեծ զոհաբերություն կատարեց՝ կրելով չարչարանքներ, անարգանք և խաչվեց մեր փոխարեն: Այժմ Հիսուս սպասում է Իր զոհաբերության արձագանքին՝ այն հրավերին, որով խնդրում ենք Նրան գալ մեր կյանք…

Ճանաչելով Աստծուն…

Աստված ցանկանում է, որ մենք ճանաչենք Իրեն, ունենանք Իր սերը, ուրախությունն ու խաղաղությունը: Երբ Նրան խնդրում ենք գալ մեր կյանք, ուրեմն ընդունում ենք Նրա ներումը և հավիտենական հարաբերություն սկսում Նրա հետ: Հիսուս ասում է. «Ահա Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ: Եթէ մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ և նա՝ Ինձ հետ»5:

Եթե այսքանն իմանալուց հետո ձեր սրտում ցանկություն ծնվեց հարաբերվել Աստծո հետ, ապա խորհուրդ ենք տալիս աղոթել մոտավորապես այսպես (բառերն էական չեն, կարևորը սրտի անկեղծ ցանկությունն է).

-Սիրելի Աստված, ես խոստովանում եմ, որ մեղքեր եմ գործել քո դեմ: Շնորհակալ եմ, որ իմ բոլոր մեղքերը քո վրա վերցրեցիր խաչի վրա: Ուզում եմ Քո ներումն ընդունել: Ուզում եմ Քեզ հետ հարաբերություն սկսել: Խնդրում եմ գաս իմ կյանք՝ որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ: Խնդրում եմ՝ տու՛ր ինձ այն իրական կյանքը, որը միայն Քեզնից է բխում:

Կյանքի իմաստի մասին ավելին իմանալու համար տե՛ս «Փոխված կյանքի աղբյուրը» հոդվածը կամ այս կայքի այլ հոդվածներ:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Հովհաննես 6:35 (2) Բ Կորնթացիս 5:21 (3) Հովհաննես 1:14 (4) Եբրայեցիս 1:3 (5) Հայտնություն 3:20

Աստվածաշնչից …

«Ով Որդուն ունի, նա կյանք ունի: Եվ ով Աստծո Որդուն չունի, կյանքը չունի» (Ա Հովհաննես 5:12)

«Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննես 1:12)

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16)

«Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, և սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է: Ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» (Եփեսացիս 2:8-9)

«Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5:17)

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միակ ճշմարիտ Աստված և Նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17:3)

Կիսվել ուրիշների հետ:  

TOP