Եկե՛ք հակիրճ անդրադառնանք Հիսուս Քրիստոսի հիմնական հատկանիշներին, որոնք տարբերվում են աշխարհի մյուս կրոնների առաջնորդների հատկանիշներից:
1. Հիսուս Քրիստոս մեզ հետ հարաբերություն ունենալ է ակնկալում: Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի հարաբերություն, որտեղ նախաձեռնողը միշտ միայն դուք եք եղել: Դրանք հոգնեցնող հարաբերություններ են և սովորաբար երկար չեն տևում: Լավագույն ընկերները նրանք են, ովքեր իրար համար թանկ են այնքան, որ հավասարապես ջանում են հարաբերությունը կենդանի պահել: Ի տարբերություն մյուս կրոնների՝ որտեղ մարդիկ իրենք են փորձում մոտենալ աստծուն, Հիսուս Քրիստոս Ինքը եկավ, որպեսզի մենք «կյանք ունենանք և է՛լ ավելի ունենանք»: Նա եկավ, որպեսզի Իր հետ հավիտյան ապրելու հնարավորություն ընձեռի բոլոր այն մարդկանց, ովքեր կհավատան Իրեն:
2. Հիսուս պնդում էր, որ Ինքն Աստված է: Ոչ մի այլ կրոնական առաջնորդ երբևէ չի պնդել, որ ինքն Աստված է:
3. Հիսուս կատարյալ կյանք է ապրել և Իր աստվածությունն ապացուցել՝ գործելով հրաշքներ, բժշկելով կույրերին, խաղաղեցնելով փոթորկոտ ծովը, մահացածներին հարություն տալով, հազարավոր մարդկանց հրաշքով կերակրելով և այլն: Աշխարհի կրոնների առաջնորդները հետաքրքիր ուղերձներ են փոխանցել մարդկությանը, սակայն նրանցից ոչ մեկը այդպիսի հրաշքներ չի արել, ինչպես Հիսուս: Հիսուս ասում է. «Հավատացե՛ք Ինձ, երբ ասում եմ, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ Իմ մեջ: Գոնե, այն գործերի շնորհիվ հավատացեք, որոնք գործում եմ»:
4. Աշխարհի բազմաթիվ կրոններում մարդիկ ձաղկում են իրենք իրենց՝ սեփական մեղքերի պատճառով կամ ինքնազոհաբերության ծեսերի հատուկ ընթացք անցնելով: Ի տարբերություն դրանց՝ Հիսուս Իր ներումն է առաջարկում, քանի որ որպես Աստված՝ Նա արդեն վճարել է մեր մեղքերի համար. «Աստված Իր սերը ցույց տվեց մեր հանդեպ այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոս մահացավ մեր փոխարեն»: Խաչի վրա Հիսուս կրեց մեր մեղքերի պատիժը և վճարեց դրանց փոխարեն:
5. Հիսուս Իր խաչելությունից երեք օր անց մեռածներից հարություն առավ: Որոշ կրոններ խոսում են վերամարմնավորման մասին: Բայց Հիսուս Ինքն էր բազմաթիվ անգամ զգուշացրել, որ Իրեն խաչելու են, ու որ Ինքը երրորդ օրը հարություն կառնի: Հիսուս կամենում էր, որ Իր Աստված լինելը առանց որևէ կասկածի ապացուցվի հասարակության առջև: Հռոմեական իշխանությունները տեղյակ էին այդ փաստին և 11-14 զինվորներից բաղկացած հռոմեական զորախումբ կարգեցին Հիսուս գերեզմանի մոտ, կնքեցին այն հռոմեական կնիքով, ինչը նշանակում էր, որ այն Հռոմի պահպանության ներքո է: Սակայն երեք օր անց Հիսուսի մարմինը գերեզմանում չէր: Նա հարություն էր առել և երևաց ավելի քան 500 մարդկանց: Աշխարհի ոչ մի կրոն չի պնդում, որ իրենց առաջնորդը կամ հիմնադիրը ֆիզիկապես հարություն է առել մահացածների միջից:
6. Աստվածաշնչի ուղերձն առանձնահատուկ է: Այն պոետիկ, իրարից անկախ գաղափարների մի ամբողջություն չէ: Աստվածաշունչը մեզ բացահայտում է Աստծուն և հայտնում Նրա ծրագիրը մեր կյանքերի համար: Այն մեզ պատմում է, որ ինչ-որ բան պատմության ընթացքում սխալ դասավորվեց, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Աստծո հետ մեր ունեցած հարաբերությունը: Աշտվածաշունչը սովորեցնում է նաև, թե ինչպես կարող ենք վերականգնել այդ հարաբերությունը և ինչպիսի արտոնություններ կստանանք այն վերականգնելու պարագայում:
Ասվածի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք ընթերցել «Աստծուն անձնապես ճանաչելը» հոդվածը:
Վերը թվարկվածները Հիսուս Քրիստոսի վերաբերյալ տարբերությունների մի փոքր մասն են միայն: Աշխարհի կրոնների մասին ավելին իմանալու համար տե՛ս «Միանալով աստվածայինին» հոդվածը:
► | Ինչպես ճանաչել Աստծուն… |
► | Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ… |