Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ի՞նչ է տեղի ունենում հետո

Կյանք՝ հիմա: Կյանք՝ հետո: Կյանք՝ մահից հետո՞:

Այսօր գուցե դեռ ուսանող ես՝ տասնութից քսանչորս տարեկան, բայց ի՞նչ կասես ապագայի մասին:

Կավարտես ուսումը, կաշխատես, հետո կամուսնանաս, երեխաներ կունենաս, մի քանի աշխատավայր կփոխես, տուն կգնես…Շատ լավ, իսկ հետո՞:

Քո երեխաների հետ ֆուտբոլային խաղերի կգնաս, կփորձես լինել լավ հայր, մայր, ամուսին կամ կին, հետո կտեսնես, թե ինչպես են քո երեխաներն ավարտում դպրոցը, թեև ասես երեկ էր, որ նրանց տակդիրներն էիք փոխում: Կանես ու կասես բաներ, որոնք քո ծնողներն էին անում ու ասում, թեկուզ երդվել էիր, որ նրանց պես երբեք չես անի…

Մեկ-երկու անգամ կբախվես միջին տարիքի ճգնաժամերի, քո երեխաները կավարտեն համալսարանը, և դու տատիկ/պապիկ կդառնաս: Քեզ արդեն տատիկ/պապիկ բառերով կդիմեն, հետո կանցնես թոշակի, առավոտները կգնաս զբոսանքի կամ գուցե մի քիչ այգում կաշխատես… Հետո «կգան» թերթերը, գրքերն ու հեռուստացույցը կամ երեխաների և թոռների հետ հեռախոսային շփումներն ու ճամփորդությունները…

Լավ, իսկ ՀԵՏՈ՞…

Հետո մի օր կմահանաս: Լավագույն դեպքում բավականին երկար կապրես՝ գուցե մինչև 90 տարեկան կամ ավելի, եթե երիտասարդ տարիքում հիվանդությունից կամ դժբախտ պատահարից չմահանաս: Բոլորս էլ մի օր մահանալու ենք: Մահը մեր վաղվա օրն է, որից անհնարին է խուսափել:

Սակայն արդյոք սա՞ է ամենը: Էլ ոչինչ չկա՞:

Մի օր քո մարմինն անշնչանալու է: Մարդիկ կթաղեն այն հողի մեջ կամ կայրեն և մոխիրը մի սափորի մեջ կդնեն: Կարևորագույն հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ես դրանից հետո կշարունակեմ գոյությունս, արդյո՞ք իմ գիտակից ԵՍ-ը կշարունակի ապրել ինչ-ոչ տեղ, արդյո՞ք իրականում կյանք կա մահից հետո:

Եթե անկեղծ լինենք, ապա, հավանաբար, յուրաքանչյուրս էլ հույս ունենք, որ հետո ինչ-որ բան լինելու է: Գուցե մեր մտքի ամենահեռու անկյուններում մենք պատրաստվում ենք դրան:

Ինչի՞ն ենք պատրաստվում: Որոշակի կյանքի՝ մահից հետո: Ոմանք դրան դրախտ են անվանում, ոմանք՝ Երկինք, իսկ ոմանք նաև դժոխքի մասին են խոսում:

Եվս մի միտք, որ շատերն են հաճախ ենթագիտակցորեն կրում՝ ես հիմնականում լավ մարդ եմ, հետևաբար՝ մի օր Երկինք կգնամ:

Արդյո՞ք ամեն բան հենց այդպես է:

Շատերն այն համոզմանն են, որ եթե իրենք «բավականին լավ» մարդիկ են, ապա մահից հետո գնալու են Երկինք: Այսպիսի ենթադրությունների ենք հակված գրեթե բոլորս: Եթե բանկ չենք թալանել, մարդ չենք սպանել կամ հարկերից խուսափելու հարցում խարդախության չենք դիմել, ապա կարծում ենք, որ մենք Աստծո ժողովուրդ ենք, և Աստված սպասում է, որ մեզ բնակեցնի Իր տան մեջ: Ի սեր Աստծո, չէ՞որ մենք լավն ենք…

Դրախտի տոմսարկղում արդեն գնել ենք այնտեղ տանող մեքենայի տոմսը՝ վճարելով նրանով, որ մեր ողջ կյանքի ընթացքում լավ մարդիկ ենք եղել:

Սակայն ի՞նչ կասեք, եթե նման մտածելակերպը սխալ լինի: ՀԵՏՈ ի՞նչ պիտի լինի, ո՞ր հարցում ենք սխալված լինելու, ի՞նչ ձախողումների ենք բախվելու:

Եթե կարծում եք, թե բավականին լավն եք Երկինք հասնելու համար, ապա երկու բան կա, որ պիտի հաշվի առնեք:

(1) Եթե Երկինքը կատարելության վայր է1, ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը բավարար չափով լավը լինել այնտեղ հասնելու համար:

Մեզնից շատերը կխոստովանեն, որ կյանքում գոնե մի այնպիսի գաղտնիք ունեն, որը երբեք չէին ուզենա, որ բացահայտվեր: Դա կարող է լինել անցյալի մի սխալ կամ ոչ ճիշտ որոշում, մի արարք, որ գործել ենք թուլության պահին կամ հիմարացած ժամանակ, որի մասին այսօր չէինք ուզենա նույնիսկ հիշել:

Սա, իհարկե, ծայրահեղություն է: Սակայն որքա՜ն մանր-մունր բաներ կան, որոնք չէինք ուզենա, որ ուրիշները իմանան մեր մասին՝ փոքրիկ «բարի ստեր» կամ ինչ-որ մեկի մասին ասված խոսք, դասընկերոջից արտագրված տնային աշխատանք կամ հայհոյանք, անպարկեշտ խոսքեր կամ մտքեր…

Մեր կյանքի իրադարձությունները, որոնց համար հիմա ամոթ և ափսոսանք ենք զգում, շատ ավելին են, քան մեկանգամյա գործողությունները: Եթե, ուշադիր զննենք մեր կյանքը, ապա կհանդիպենք բազմաթիվ սխալների: Մենք հաճախ չենք անում այն, ինչին հավատում ենք, որ ճիշտ է, և հաճախ անում ենք այն, ինչը գիտենք, որ սխալ է:

Մենք՝ բոլորս, հիմնականում եսասեր ենք և անկատար, մեզանից նույնիսկ նրանք, ում «բարի կամ լավ» որակումն ենք տալիս2, դարձյալ այդպիսինն են:

Աստված տեսնում է այն ամենը, ինչ անում ենք3: Սա նշանակում է, որ չենք կարող Նրան խաբել: Նա կատարելապես տեղյակ է այն բոլոր բարի գործերին, որոնք կարող էինք անել, բայց չենք արել (թեև դեռ կարող ենք), ինչպես նաև տեղյակ է այն բոլոր վատ գործերին, որոնք արել ենք մեր կյանքի ընթացքում: Նա անգամ գիտի մեր բոլոր մտքերն ու բոլոր շարժառիթները:

Ահա երկրորդ բանը, որ լավ կլիներ հաշվի առնեինք, եթե կարծում ենք, թե «բավարար չափով լավ» մարդ ենք Երկինք հասնելու համար՝ (2) Հնարավո՞ր է արդյոք լինել հիմնականում լավ մարդ և դրանով հանդերձ՝ մերժվել Աստծո կողմից:
Եկե՛ք դիտարկենք Ռալֆի կյանքը: Նա լավ մարդ է և բավականին ազնիվ իր աշխատավայրում, երբեք նույնիսկ թղթի մի կտոր չի գողացել: Հոգատար հայր է և հավատարիմ ամուսին, հոգ է տանում ընտանիքին և մեծ զոհողությունների է գնացել հանուն երեխաների և կնոջ, որին, ի դեպ, երբեք չի խաբել և շատ բարեգործական ծրագրերի համար գումարներ է հատկացնում:

Սակայն այսպիսի «լավ» կյանք ապրելով հանդերձ՝ Ռալֆը երբեք Աստծուն ներս չի թողել իր կյանք: Շատ է պատահել, երբ նա զգացել է, որ Աստված կամենում է մուտք գործել իր կյանք: Դա նման էր նրան, որ Աստված ասես թակում էր Ռալֆի սրտի դուռը, բայց նա երբեք չէր բացում այն և միշտ ինչ-որ պատճառաբանություններ էր գտնում Աստծու առաջարկը մերժելու համար. դրանցից մեկն էլ հետևյալն էր՝ ես բավականաչափ լավ մարդ եմ եղել ողջ կյանքիս ընթացքում և հաստատ Երկինք եմ գնալու:

Բոլորն են ուզում հասնել երկինք, Ռալֆը՝ նույնպես, սակայն իրականում նա չէր ցանկանում ճանաչել Աստծուն և նույնիսկ մի պահ կանգ չէր առնում և չէր վերլուծում Աստծուն իր կյանքից հեռու պահելու որոշման ծանր հետևանքները:

Եկե՛ք խորհենք սրա մասին: Երկինքն Աստծո բնակության վայրն է, եթե Ռալֆը մերժում էր Աստծուն ճանաչելը հիմա՝ իր երկրային կյանքի ընթացքում, ապա ինչո՞ւ պետք է նա դա անի հետո՝ այս կյանքն ավարտելուց հետո: Այլ կերպ ասած՝ Ռալֆը չէր հաշվարկել, թե որքան ԿԽՈՐՇԵՐ Երկնքից:

Երկինքն Աստծո ներկայության վայրն է և, ամենայն հավանականությամբ, Երկնքի ամեն մի մասնիկը հիշեցնելու է մեզ Աստծո մասին:
Ինչպիսի՜ անտանելի միջավայր պիտի լինի այն Ռալֆի համար…

Նա միշտ կարծում էր, թե Երկինքը կատարյալ հարմարավետ տեղ է, բայց երբևէ չէր մտածել, որ իրեն այսքա՜ն անհանգիստ կզգա այնտեղ, քանի որ երբեք ցանկություն չի ունեցել Աստծուն ճանաչելու կամ Նրա հետ հարաբերություն ունենալու: Ռալֆի համար Երկինքը ոչ թե դրախտ է լինելու, այլ՝ դժոխքի պես մի բան:

Դու քո տունը կթողնե՞ս մեկին, ով երբեք չի ցանկացել քեզ հետ ընդհանուր որևէ բան ունենալ, չէ՞ որ քո տան յուրաքանչյուր անկյունը քո մասին է հիշեցնելու այդ մարդուն:

Այսօր Ռալֆի նման շատ մարդիկ կան մեր մեջ: Նրանք ուզում են հասնել Երկինք, սակայն չեն ուզում ճանաչել Աստծուն: Այս մարդիկ չեն էլ գիտակցում, որ նման պարագայում Երկինքը անտանելի մի վայր է լինելու իրենց համար:

Գուցե իրականությունն այն է, որ Երկինքը պատրաստված է այն մարդկանց համար, ովքեր գիտակցում են, որ չեն կարող բավարար կերպով լավը լինել Երկինք գնալու համար, սակայն ուզում են այնտեղ գնալ, քանի որ իրենց Տեր Աստված է այնտեղ: Նրանք փափագում են Աստծուն ճանաչել և հավիտյան Նրա ներկայության մեջ լինել: Կյանքից հետո տրվող մրցանակը Երկինքը չէ, այլ Երկնքի հիմնական Բնակիչը:

Ուզո՞ւմ եք ճանաչել Աստծուն: Ուզո՞ւմ եք ծանոթանալ, թե ինչ է պետք Երկինք հասնելու համար: Ընթերցե՛ք «Աստծուն անձնապես ճանաչել» հոդվածը:

 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
 Ինչպես ճանաչել Աստծուն…

Հղումներ: (1) «Եվ բնավ չի մտնլ նրա մեջ ոչ մի անմաքրություն անող և պղծություն և ստություն գործող, բայց միայն նրանք, Գառան Կյանքի գրքի մեջ գրված են» (Հայտնությւոն 21:27):
(2) «Ոչ ոք բարի չէ, բացի մեկը՝ Աստված» (Ղուկաս 18:19); ավելին՝ Եսայիա 53:6, Հռոմեացիս 3:10, Հռոմեացիս 3:23, Հակոբոս 2:10:
(3) «Եվ չկա մի արարած աներևոյթ Նրա երեսից, բայց ամենն էլ մերկ և բաց է Նրա աչքերի առջև, Ում հետ է մեր բանը» (Եբրայեցիս 4:13); ավելին՝ Մատթեոս 10:26, Ա Կորնթացիս 4:5

Կիսվել ուրիշների հետ:  

TOP