Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Հնարավո՞ր է արդյոք բացատրել Երրորդությունը

Փորձենք հստակ ու պարզ բացատրել Երրորդությունը… Երե՞ք, թե՞ մեկ Աստված…

Դու և ես ապրում ենք եռաչափ աշխարհում: Բոլոր ֆիզիկական առարկաներն ունեն որոշակի լայնություն, երկարություն և բարձրություն: Մի մարդը կարող է մյուսին նման լինել, մեկ ուրիշի նման իրեն պահել և անգամ խոսել նրա նման,սակայն ոչ ոք չի կարող մեկ ուրիշի կրկնօրինակը լինել: Մարդիկ առանձնահատուկ անհատականություններ են:

Ի տարբերություն մարդկանց՝ Աստված սահմանափակված չէ այս տիեզերքի եռաչափ տարածությամբ: Նա Հոգի է, և Նրան ընկալելը շատ ավելի բարդ է, քան մարդկանց ընկալելը:

Սա է պատճառը, որ Հիսուս Քրիստոսը տարբեր է Հայր Աստծուց, սակայն, միևնույն ժամանակ, նույն Աստված է:

Աստված հստակ խոսում է Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգի Աստծո մասին, սակայն նաև հստակ շեշտադրում է, որ կա միայն ՄԵԿ Աստված:

Եթե փորձենք մաթեմատիկայի լեզվով դա ներկայացնել, ապա կստացվի ոչ թե՝ 1+1+1=3, այլ՝ 1x1x1=1: Աստված եռամեկ Աստված է:

Այսպիսով, «եռա-»՝ նշանակում է երեք, իսկ «մեկ»՝ նշանակում է մեկություն: Եռա+մեկություն=Երրորդություն: Աստվածաշունչը հայտնում է մեզ այս խոր ճշմարտությունն Աստծո մասին՝ Աստված հանդես է գալիս երեք «Անձով»՝ թեև Նրանք Աստծո միևնույն էություններն են:

Ոմանք փորձել են մարդկային համեմատություններով ներկայացնել Երրորդությունը, օրինակ՝ H2O տարրը ջուրն է, որը կարող է հադես գալ սառույցի, հեղուկի և գոլորշու տեսքով (բոլորն էլ նույն H2O-ն են, սակայն տարբեր ձևով են ներկայանում): Մեկ այլ համեմատություն է արևի հետ զուգահեռը: Այն տալիս է մեզ լույս, ջերմություն և ճառագայթում: Երեք տարբեր դրսևորումներ, սակայն՝ միայն մեկ արև:

Ոչ մի համեմատություն չի կարող կատարյալ լինել:

Հենց սկզբից մենք Աստծուն որպես Երրորդություն ենք տեսնում: Աստվածաշնչի առաջին գրքի՝ Ծննդոցի էջերում կարդում ենք, որ Աստված ասում է. «Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ ստեղծենք… արու և էգ ստեղծեց նրանց»1: Այստեղ նկատում ենք, որ խառնվում են եզակի և հոգնակի դերանունները:

Երբ Մովսեսը հարցրեց Աստծուն Իր անունը, Աստված պատասխանեց. «ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ», Ես եմ հավիտենական Գոյը:

Հիսուսը նույն արտահայտությունն էր օգտագործում.
«Ես եմ աշխարհի Լույսը…»:
«Ես եմ կյանքի Հացը…»:
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գնում Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»:

Ծննդոց գրքում խոսվում է Աբրահամի մասին: Նա ապրել է Հիսուսից հազարավոր տարիներ առաջ, մինչդեռ Հիսուսն Ինքն Իր մասին ասում է. «Աբրահամի լինելուց առաջ եմ Ես»:
Հրեաները հստակ ընկալեցին Աստված լինելու մասին Հիսուսի պնդումը, այդ էր պատճառը, որ նրանք քարեր վերցրին և ուզում էին Նրան սպանել «հայհոյության» համար2:

Հիսուսը միշտ գոյություն է ունեցել:

Նման իրավիճակներ հաճախ էին պատահում: Հիսուսն այնքա՜ն հստակ էր արտահայտվում Հոր հետ Իր առանձնահատուկ հարաբերության մասին: Եվ հենց այս պատճառով էր, որ՝ «հրեաներն է՛լ ավելի էին ուզում սպանել Նրան, որովհետև ոչ թե միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստծուն էլ Իրեն Հայր էր ասում՝ Իր անձն Աստծուն հավասար ներկայացնելով»3:

Ողջ հավիտենության մեջ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միշտ եղել են փոխհարաբերության մեջ և հաղորդակցվել միմյանց հետ, սակայն ոչ որպես երեք աստվածներ, այլ որպես մեկ Աստված:

Խոսենք նաև հետևյալ հարցի պատասխանի մասին:

- Եթե Հիսուս Աստված էր, ապա Ո՞ւմ էր ուղղված Նրա աղոթքը…

Երկրի վրա Հիսուսը շարունակում էր խոսել Իր Հոր հետ, իսկ Հայրն ու Սուրբ Հոգին՝ շարունակում էին հաղորդակցվել Նրա հետ:

Ստորև մեջբերված օրինակներին դեռ շատ Աստվածաշնչյան խոսքեր կարող են գումարվել, սակայն այսքանն էլ է բավական, որպեսզի համոզվենք, որ Աստված մեկ Աստված է՝ Երրորդության մեջ.

«Լսի՛ր, ով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ է»4:

«Ես եմ Տերը, և ուրիշը չկա՝ Ինձնից ջոկ Աստված չկա»5:

«Ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն Մեկը»6:

«Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից: Եվ, ահա, երկինքը բացվեց Նրա համար, և Նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս էր Նրա վրա։ Եվ, ահա, երկնքից ձայն լսվեց, որ ասում էր՝ Դա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանեցի»7:

«Ուրեմն, գնացեք բոլոր ազգերին աշակերտեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»8:

«Հայրն Ինձնում է և Ես՝ Նրա մեջ»9:

«Ինձ տեսնողը Հորը տեսավ»10:

«Ինձ տեսնողը, Ինձ ուղարկողին է տեսնում»11:

«Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրանը չէ»12:

«Հովսե՛փ՝ Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է»13:

«Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան [Մարիամին]՝ Սուրբ Հոգին կգա քեզ վրա և Բարձրյալի զորությունը քեզ վրա հովանի կլինի, և, հետևաբար, այն ծնված Սուրբն էլ Աստծո Որդի կկոչվի»14:

[Հիսուսը խոսում էր Իր աշակերտների հետ] «Եվ Ես Հորը կաղաչեմ, և Նա ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ճշմարտության Հոգին, Ում աշխարհը չի կարող ընդունել, քանի որ չի տեսնում Նրան և ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի»… «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի և իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք և բնակություն կանենք նրա մոտ»15:

Խնդրում ենք ծանոթանալ նաև այս հոդվածին, որը խոսում է Հիսուսի Աստված լինելու մասին:

 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
 Ինչպես ճանաչել Աստծուն…

Հղումներ: (1) Ծննդոց 1:26,27 (2) Հովհաննես 8:56-59 (3) Հովհաննես 5:16-18 (4) Բ Օր. 6:4 (5) Եսայիա 45:5 (6) Ա Կոր. 8:4 (7) Մատթեոս. 3:16-17 (8) Մատթեոս. 28:19 (9) Հովհաննես 10:30 (10) Հովհաննես 14:9 (11) Հովհաննես 12:45 (12) Հռոմ. 8:9 (13) Մատթեոս. 1:20 (14) Ղուկաս 1:35 (15) Հովհաննես 14:16-17, 23

Կիսվել ուրիշների հետ:  

TOP