Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ինչո՞ւ մեռավ Հիսուս

Ի՞նչ նպատակ ուներ Հիսուսի մահն ու հարությունը: Ինչո՞ւ պետք է Նա խաչի վրա մեռներ մեզ համար:

Հիսուսի խաչելությունը կարևորագույն իրադարձություն է Նրան հավատացող մարդկանց համար: Ահա, թե ինչ է տեղի ունեցել:

Կրոնական առաջնորդները Հիսուսին խաչեցին աստվածհայհոյության մեղադրանքով, քանի որ Նա պնդում էր, թե Աստված է:

Նրանք Հիսուսին հանձնեցին Իսրայելում կառավարող հռոմեական իշխանություններին, որպեսզի Նրան մահապատժի ենթարկեն: Վերջնական ձայնի իրավունք ունեցող Պիղատոսը հայտարարեց, որ Հիսուս մահապատժի արժանի հանցանք չի գործել: Սակայն ամբոխը պահանջում էր մահապատժի ենթարկել Նրան. «Խաչե՜լ, խաչե՜լ, խաչե՜լ դրան…»:

Դատավճիռը խաչելության միջոցով մահապատիժն էր, ինչը հռոմեական իշխանությունների կողմից ծանր հանցագործների համար էր սահմանված:

Այս ամենն անակնկալ չէր Հիսուսի համար: Նախքան խաչելությունը Հիսուս շատ էր խոսել աշակերտների հետ Իր ձերբակալման, չարչարանքների և խաչելության մասին: Նա նաև զգուշացրել էր, որ Իր մահից երեք օր անց մեռածներից հարություն է կառնի:

Նա ասում էր, որ կամովին է ընտրում այդ ճանապարհը՝ հանուն մարդկանց մեղքերի թողության:

Ըստ էության՝ կրոնական առաջնորդներն Իրենց մեղադրանքի մեջ ճիշտ էին. Հիսուս բավականին հստակ էր խոսում Իր Աստված լինելու մասին:

Նա ասում էր, որ գոյություն է ունեցել աշխարհի արարման փաստից առաջ1, որ մեղքեր ներելու իշխանություն ունի2, որ պատասխանում է մարդկանց աղոթքներին3, ինչպես նաև՝ նրանց հավիտենական կյանքի պարգևը կարող է տալ4:

Նա ասում էր, որ Իրեն ճանաչելը նույնն է, ինչ Աստծուն ճանաչելը5, Իրեն տեսնելը նույնն է, ինչ Աստծուն տեսնելը6, Իրեն հավատալը նույնն է, ինչ Աստծուն հավատալը7, Իրեն ընդունելը նույնն է, ինչ Աստծուն ընդունելը8: Նա ասում էր, որ Իրեն ատողներն ատում են Աստծուն9, և Իրեն պատվողները պատվում են Աստծուն10:

Հիսուս նաև այս պնդումներին համոզիչ ապացույցներ տվեց:

Նախքան խաչելությունը

Հիսուսի խաչելությունից մի քանի շաբաթ առաջ մահացավ Հիսուսի մտերիմներից մեկը՝ Ղազարոսը: Այդ ժամանակ Հիսուս մեկ այլ քաղաքում էր, սակայն նրանց ընդհանուր ընկերները այդ լուրը հասցրին Նրան: Երբ Հիսուս հասավ Ղազարոսի քաղաք, իմացավ, որ նա չորս օր առաջ մահացել և գերեզման է դրվել: Հիսուս նրան հարություն տվեց: Այս հրաշքին բազմաթիվ մարդիկ ականատես եղան, և լուրը բավականին արագ տարածվեց:

Քաղաք քաղաքի հետևից Հիսուս բժշկում էր մարդկանց բոլոր հիվանդությունները: Նա կերակրեց 4000 մարդու, ովքեր եկել էին Նրա քարոզը լսելու համար: Մի ուրիշ անգամ Նա կերկրեց 5000 հոգու:

Կրոնական առաջնորդները տրտնջում էին. «Ահա, աշխարհը Նրա հետևից գնաց»11,
«Եթե դրան այդպես թողենք, բոլորը կհավատան դրան…»12:

Հիսուսի մահը խաչի վրա հետևանք չէր միայն Նրա գործած հրաշքների և կատարած հայտարարությունների: Հրեաները Նրան չէին սիրում:

Հիսուս ապացուցել էր Իր բացարձակ զորությունը: Այս իմաստով մտրակների հարվածները, գլխի մեջ մխրճված փշերը, ոտքերի ու ձեռքերի մեջ մտած մեխերը չէին, որ Նրան սպանեցին: Եվ ոչ էլ՝ խաչի վրա դանդաղ շնչահեղձությունը: Հիսուս կարող էր ցանկացած պահի իջնել խաչի վրայից:

Սա հավասարազոր էր նրան, որ ինչ-որ մեկը խոնարհվեր դեպի ջուրը, գլուխը մտցներ ջրի տակ և որոշեր խեղդվել, երբ ամեն վայրկյան կարող էր գլուխը ջրից դուրս հանել: Հիսուս ընտրեց խաչի մահը:

Նա ասում էր. «Ոչ ոք Իմ կյանքը չի վերցնում Ինձնից, այլ Ես Ինքս եմ Իմ կամքով դնում այն…»13: Նա կամովին զոհեց Իր կյանքը: Դա նախօրոք հաշվարկված և ծրագրված գործողություն էր:

Եվ ահա, թե ինչու…

Ինչո՞ւ մեռավ Հիսուս

Մենք ընթանում ենք Աստծո ուղիներին հակասող ճանապարհներով. ոմանք՝ մի քիչ շատ, ոմանք մի քիչ քիչ, բայց, միևնույնն է, Աստծո ուղիներին հակասող ընթացքով: Բավական է միայն դիտել օրվա լրահոսը՝ ռասիզմ, սպանություններ, սեռական բռնություններ, խաբեություններ, ագահություն, կաշառակերություն, ահաբեկչություններ, պատերազմներ և այլն: Մարդիկ սովոր են իրենց և մյուսների կյանքը վերածել խառնաշփոթի: Աստված տեսնում է մեր կորսված վիճակը, մեր կուրությունը և մեզ սպասվող ահեղ դատաստանը:

Ինչպիսի՞ ցավ ու ծանրություն ենք զգում, երբ լսում ենք, որ վեցամյա աղջնակին առևանգել են և բռնաբարել: Սա մի այնպիսի՜ լուր է և այնպե՜ս է փոթորկում մեր բարոյական զգցմունքները, որ մահապատժին դեմ լինող մարդիկ անգամ մի պահ գայթակղության առջև են կանգնում:

Անշուշտ, բոլոր մեղքերն էլ Աստծո Սրբության հանդեպ ապստամբություններ են և տրտմեցնում են Նրան: Մենք չպետք է ապրենք մեր սեփական սկզբունքներին համապատասխան, այլ՝ Նրա: Եթե անկեղծ լինենք, ապա կխոստովանենք, որ լինում են պահեր, երբ մենք զզվում ենք ինքներս մեզնից: Եթե մենք ենք մեզնից դժգոհ, ապա ի՞նչ ասենք կատարյալ Սուրբ Աստծո մասին:

Աստված ասում է, որ մեղքի պատիժը մահն է14: Սա էր պատճառը, որ Հին Կտակարանում տեսնում ենք Աստծո հրահանգն ուղղված իսրայելացիներին՝ տարին մեկ անգամ իրենց մեղքերի ներման համար գառ զոհաբերել: Գառը զոհվում էր նրանց փոխարեն: Սակայն դա ժամանակավոր ներում էր: Նրանք այդ նույն զոհը պետք է ամեն տարի կրկնեին:

Երբ Հիսուս եկավ, Հովհաննես Մկրտիչն ասաց Նրա մասին. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»15:

Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի վճարի մարդկության մեղքի գինը՝ մեր մեղքի գինը, մեր փոխարեն: Մե՛նք պետք է մեռնեինք և դատապարտվեինք Աստծուց հավիտենական մեկուսացման, սակայն Նա խաչի վրա վճարեց մեր փոխարեն, որպեսզի մենք ներում ստանանք և հավիտենական կյանքի պարգևն ընդունենք:

Սա հենց այն է, ինչի համար Հիսուս աշխարհ եկավ որպես մեր Փրկիչ: Նա եկավ, որ ազատի մեզ դատաստանից, դատապարտությունից և մեղքի պատիժը կրելուց: Երբ Հիսուս խաչի վրա էր, նա քաջատեղյակ էր մեր բոլոր գործած մեղքերի մասին և նաև այն մեղքերին, որոնք դեռ չենք գործել: Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերի պատիժը:

Դա Վինչիի «Վերջին ընթրիք» կտավը

Հավանաբար տեսել եք հայտնի գեղանկարիչ Լեոնարդո Դա Վինչիի «Վերջին ընթրիք» կտավը, որում Հիսուս և աշակերտները նստած են մի երկար սեղանի շուրջ: Դա Վինչին իր կտավի վրա պատկերել է այն ընթիքը, որը Հիսուս ունեցավ աշակերտների հետ Իր ձերբակալման և խաչելության նախօրեին:

«Վերջին ընթրիքի» ժամանակ Նա աշակերտներին ասաց, որ Իր արյունը «թափվելու է շատերի մեղքերի թողության համար»16:

Հիսուսին հարվածեցին և երկաթե ու ոսկրե ծայրեր ունեցող մտրակով մտրակեցին մահամերձ դարձնելու աստիճան: Հետո Նրա ոտքերն ու ձեռքերը մեխեցին խաչի վրա, որտեղ Նա չարչարվեց մինչև մահանալը: Նրա կողը գեղարդով ծակեցին, ինչը հաստատեց վրա հասած մահը:

Մեղք չգործած Հիսուս խաչի վրա վճարեց մեր բոլորի մեղքերի համար: Սա արդարացի չէ: Մենք արժանի չէինք այս մեծ զոհին: Ինչո՞ւ Նա արեց դա:

Աստվածաշունչն ասում է. «Աստված հայտնեց Իր սերը դեպի մեզ նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մահացավ»17:

Մեր արձագանքը Քրիստոսի խաչելությանը

Ի՞նչ է Հիսուս ակնկալում մեզնից: Վաստակել մեր ներո՞ւմը: Ո՛չ: Մենք երբեք չէինք կարող արժանի լինել այն զոհին, որ Հիսուս արեց մեզ համար: Այն, ինչ Նա ակնկալում է մեզնից պարզապես… Նրան հավատալն է: Նա ակնկալում է, որ հավատանք մեր փոխարեն Նրա մահվանը և ընդունենք Նրա շնորհած ամբողջական ներումը՝ որպես ձրի պարգև:

Բավականին տարօրինակ է, որ բազմաթիվ մարդիկ չեն ուզում դա անել: Նրանք ուզում են սեփական ուժերով վաստակել իրենց փրկությունը, վաստակել իրենց մուտքը դեպի Երկինք: Նրանք իրենց գործերով ուզում են ցույց տալ, որ արժանի են Աստծո հետ հարաբերություն ունենալուն: Հիսուս ասել է, որ նման մարդիկ իրենց մեղքերի մեջ են մեռնելու և կանգնելու են դատաստանի առջև, քանի որ մերժեցին այն, ինչ Հիսուս էր արել իրենց համար:

Պետրոս առաքյալն Հիսուսի մասին ասում է. «Նրա անունով մեղքերի թողություն կընդունի յուրաքանչյուր Նրան հավատացողը»18:

Սակայն ոչ միայն մեղքերի թողություն, այլև հավիտենական կյանք և մտերիմ հարաբերություն Աստծո հետ հիմա՝ այս կյանքի ընթացքում: Այս ամենը մերն է, քանի որ Հիսուս խաչի վրա մահացավ մեր փոխարեն:

Նա ոչ միայն մեր մեղքերի պատիժը կրեց, այլև քանդեց այն բաժանարար պատը, որ կար մեր և մեր Աստծո միջև: Նա ավելին է առաջարկում մեզ, քան միայն մեղքերի թողությունը: Նա առաջարկում է ամբողջական հաշտություն և կատարյալ հարաբերություն Իր հետ, որպեսզի ճանաչենք Նրա անսահման սերը մեր հանդեպ:

Սա նման է նրան, որ մի շատ հարուստ միլիարդատեր ոչ միայն ներում է ինչ-որ մեկի ահռելի մեծ պարտքը, այլև պարտքը վճարելու անկարող այդ մարդուն դարձնում իր ողջ ունեցվածքի ժառանգորդը:

Հավիտենական կյանքը Երկնքում ձրի պարգև է. «Որովհետև մեղքի պատիժը մահն է, բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով»19:

Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի մահանա մեր փոխարեն և ճանապարհ բացի մեզ համար Իր հետ մտերիմ հարաբերություն հաստատելու համար: Մենք ենք որոշում՝ ընդունե՞լ, թե՞ ոչ Նրա հետ հարաբերության այս պարգևը, որ Հիսուս առաջարկում է մեզ:

Հիսուս հետևյալ ամփոփումն արեց այս առումով. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձնով»20:

Նա մեզ առաջարկում է

Յուրաքանչյուր ոք, ով հրավիրում է Հիսուսին իր կյանք և ընդունում ներման ու հավիտենական կյանքի Նրա առաջարկած պարգևը, մի անվերջանալի հարաբերություն է սկսում Նրա հետ:

Խաչելությունից հետո Հիսուսի մարմինը դրեցին գերեզմանի մեջ, և լավ պատրաստված հռոմեական պահապանները սկսեցին հսկել Նրա գերեզմանը: Ինչո՞ւ: Հիսուս բազմաթիվ անգամ շեշտել էր, որ Իր խաչելությունից երեք օր անց հարություն է առնելու: Սա մի փաստ էր, որ ապացույց պիտի լիներ իր խոսքերի ճշմարտացիության համար:

Երեք օր անց գերեզմանը դատարկ էր: Հետո Հիսուս ֆիզիկապես հայտնվեց Իր աշակերտներին և ավելի քան 500 այլ մարդկանց: Հիսուսի աշակերտները գնացին ողջ աշխարհով մեկ և տարածեցին Նրա հարության լուրը: Նրանցից շատերը նահատակվեցին աշխարհի տարբեր ծայրերում, քանի որ համոզված էին Հիսուսի ինքնության հարցում:

Մենք ենք որոշում՝ ընդունե՞լ Նրա առաջարկած ներումը, մոտենա՞լ Նրան՝ խնդրելով Հիսուսից ներում, թե՞ ոչ:

Հովհաննես առաքյալը այսպիսի ձևակերպում է տալիս ասվածին. «Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր հանդեպ: Աստուած սեր է, և ով մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստուած՝ նրանում։ Սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենանք դատաստանի օրը…»21:

Հիսուս բացահայտ կերպով հայտարարեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Իմ խոսքը լսողը և Ինձ Ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի և դատաստան չի մտնի, այլ՝ մահից փոխվեց դեպի կյանք»22:

Իսկ սա նախքան Հիսուսի խաչվելը Նրա արած աղոթքն էր. «Արդար Հայր, աշխարհը չճանաչեց Քեզ, բայց Ես ճանաչեցի Քեզ, և սրանք ճանաչեցին, որ Դու ուղարկեցիր Ինձ։ Եվ Ես Քո անունը ճանաչեցրի նրանց և կճանաչեցնեմ, որ այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանցում լինի, և ես էլ՝ նրանցում»23:

Ուզո՞ւմ եք Հիսուս Քրիստոսին հրավիրել ձեր կյանք հենց հիմա: Ահա, թե ինչպես կարող եք դա անել.

«Հիսու՛ս, խնդրում ես գաս իմ կյանքի մեջ: Ների՛ր իմ մեղքերը: Շնորհակալ եմ իմ փոխարեն խաչի վրա մահանալուդ համար: Առաջնորդի՛ր կյանքս ինչպես կամենում ես: Շնորհակալ եմ, որ գալիս ես կյանքիս մեջ հենց հիմա և ինձ Քեզ հետ հարաբերություն ունենալու հնարավորություն ես տալիս: Ամեն»:

Եթե խնդրեցիք Հիսուսին գալ ձեր կյանք, ապա Նրա խաչելության շնորհիվ ձեր մեղքերը ներված են և ընդունել եք հավիտենական կյանքի պարգևը, որը Նա տալիս է բոլոր Իրեն հավատացողներին: Այդ հարաբերությունը զարգացնելու մասին ավելին իմանալու համար, սեղմեք այս հղման վրա:

Եթե անկեղծորեն խնդրեցիք Հիսուսին գալ ձեր կյանքի մեջ, ապա հավատացեք, որ Նա եկավ, ինչպես որ խոստացել էր: Դուք սկսել եք Աստծո հետ ձեր անձնական հարաբերությունը:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Հովհաննես 17:24 (2) Մատթեոս 9:6 (3) Հովհաննես 14:13,14 (4) Հովհաննես 5:24 (5) Հովհաննես 8:19 (6) Հովհաննես 12:45; 14:9 (7) Հովհաննես 12:44; 14:1 (8) Մարկոս 9:37 (9) Հովհաննես 15:23 (10) Հովհաննես 5:23 (11) Հովհաննես 12:19 (12) Հովհաննես 11:48 (13) Հովհաննես 10:18 (14) Հռոմեացիս 6:23 (15) Հովհաննես 1:29 (16) Մատթեոս 26:28 (17) Հռոմեացիս 5:8 (18) Գործք 10:43 (19) Հռոմեացիս 6:23 (20) Հովհաննես 14:6 (21) Ա Հովհաննես 4:16,17 (22) Հովհաննես 5:24 (23) Հովհաննես 17:25,26

Կիսվել ուրիշների հետ:  

TOP