Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Փնտրելով կատարյալ Աստծուն

Աշխարհը Աստծո բազմաթիվ տարբերակներ է առաջարկում: Արդյո՞ք Աստվածաշնչի շնորհիվ մեզ հայտնված Աստված իդեալական Աստված է:

Մեզանից շատերը մտքում «կատարյալ» Աստծո մասին սեփական պատկերացումներն ունեն: Շատերս ենք ակնկալում, որ Աստված պետք է լինի զորավոր, մեզ հետ հարաբերվելու ունակ և մեր մասին հոգ տանող: Ստորև ներկայացված բնութագրիչները հիմնականում փոխանցում են այն, ինչն Աստվածաշունչն է ասում Աստծո մասին:

1. Աստված ավելի մեծ է, քան մենք

Վերջին տարիներին մարդկությունը մեծ հաջողություններ և առաջընթաց է արձանագրել: Մենք մեր նախնիներից ավելի երկար ենք ապրում, մեր հաղորդակցությունը մյուսների հետ ավելի արագ է, հաշված վայրկյանների ընթացքում կարող ենք ստանալ կարևոր և օգտակար շատ տեղեկություններ և այլն: Սակայն, թեև որոշ ուղղություններով, իրոք, առաջընթաց կա, այնուամենայնիվ, շատ այլ ուղղություններով էլ բավականին զգալի հետընթաց ենք գրանցել՝ հանցագործությունների, ամուսնալուծությունների, պատանիների շրջանում ինքնասպանությունների թվերի կայուն աճ, ատելությունից ծնված բռնությունների հետևանքով հազարավոր մարդկանց մահ, միլիոնավոր սովի մատնվածներ և այլն:

Ցավոք, կարելի է երկար թվարկել…
Ոմանք ասում են, թե հենց իրենք ենք իրենց Աստվածը՝ իրենց ճակատագրերի տերերը: Եթե մարդիկ Աստված են, ապա իրենց գործողությունների արդյունքները ցույց են տալիս, որ նրանք այդքան էլ լավ աստվածներ չեն և լավ չեն տիրապետում այդ գործին: Ավելի խելամիտ չէ՞ արդյոք վստահել ճշմարիտ Աստծուն, Ով մարդկությունից շատ ավելի բարձր է և ի զորու նրան շատ ավելի հեռուն հասցնելու, քան կարող է մարդկությունն ինքը՝ հենվելով սեփական ուժերին:

Այսպիսինն է Աստվածաշնչում նկարագրված Աստված. Նա տիեզերքի Արարիչն է՝ բարձրյալ, ամենագետ, ամենազոր էություն, Ով միշտ գոյություն է ունեցել, և ամեն բան Նրանով է կանգուն: Նա ասում է. «Ես եմ շինել երկիրը և մարդուն դրա վրա ստեղծել, Իմ ձեռքերն են տարածել երկինքը, և Ես պատվիրում եմ դրա բոլոր զորքին»1: «Հիշե՛ք առաջինները ի հավիտենից, որովհետև Ես եմ Աստված և ուրիշը չկա աստված, և ինձ պես մի ջոկը չկա»2: «Ես եմ… Նա, որ է և որ էր և որ գալու է՝ Ամենակալը»3:

2. Աստծուն կարելի է անձնապես ճանաչել

Մեր օրերում մի տեսակ մոդայիկ է դարձել Աստծուն ներկայացնել որպես մի զորություն, որը ներկա է ամենուր և ամեն բանում. ամեն բան ստեղծվել է և գոյություն ունի Աստծո զորության շնորհիվ: Պետք է շեշտել, որ Աստված ավելին է, քան միայն այդ զորությունը: Աստված Անձ է, Ում հետ կարող եք հաղորդակցվել՝ խոսել Նրա հետ, կիսվել Ձեր խնդիրներով, կյանքի դժվար իրավիճակներում ստանալ առաջնորդություն և կյանքի փորձառություն:
Մյուս կողմից էլ՝ ի՞նչ իմաստ կա անանձնական, անճանաչելի ու հեռավոր Աստծո գոյության մեջ:

Չնայած Իր վեհությանն ու «շատ տարբեր լինելուն»՝ Աստվածաշնչի Աստված ընկալելի ու ճանաչելի է, նա ցանկանում է, որ մարդիկ Իրեն ճանաչեն: Թեև Նա անտեսանելի է, սակայն մենք կարող ենք զրուցել Նրա հետ, հարցեր տալ և պատասխաններ ստանալ, ինչպես նաև՝ Նրա կողմից կյանքի առաջնորդություն ունենալ: Հաճախ Նա այդ պատասխաններն ու առաջնորդությունը մեզ է փոխանցում Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով, որը շատերը որակում են որպես սիրո նամակ՝ Աստծո կողմից ուղղված մարդկությանը:

Մարդը կարող է նույն մտերիմ հարաբերությունն ունենալ Աստծո հետ, ինչպիսինն ունի իր մտերիմ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Իրեն ճանաչող մարդկանց Աստված կոչում է զավակներ և երբեք անանձնական լինել չի կարող: Նա բարկանում է և տխրում, ցուցաբերում է ողորմածություն, ներում է ու բարություն անում, և ամբողջովին զգացմունքներով օժտված էություն է: Աստված տրամաբանություն ունեցող բանական Անձ է: Մենք Նրա մասին ավելին կարող ենք իմանալ, քան միայն փաստերն են. պարզապես կարող ենք մտերմաբար ճանաչել Նրան, ինչպես լավագույն ընկերոջ:
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստված»4:

3. Աստված կարող է ներգրավվել մարդկային փորձառության մեջ

Ոմանք Աստծուն պատկերացնում են որպես հեռավոր Մեկը, Որն արարել է տիեզերքը և թողել այն սեփական ինքնակարգավորման հույսին: Ավելի ընկալելի չէ՞ արդյոք Աստված, Ով ներգրավված է տիեզերքի գործառույթներում և հատկապես այն ամենի մեջ, ինչ կատարվում է այստեղ՝ Երկրի վրա: Իսկ ի՞նչ կասեք այն հատուկ դժվարությունների, պարտականությունների ու մարտահրավերների մասին, որոնց բախվում է մարդկությունը: Աստված հասկանում է այս ամենը: Նա Մեկն է, Ով տեղյակ է Իր կողմից ստեղծված այս աշխարհի կյանքի բարդություններից:

Աստվածաշնչի Աստված գիտի, թե ինչ է նշանակում լինել մեզանից մեկը: Հիսուս Քրիստոս ոչ միայն Աստծո Որդին էր, այլև հենց Ինքն Աստված էր, Ով մարդկային բնույթ ու կերպարանք վերցրեց և բնակվեց մեր մեջ: «Սկզբում էր Խոսքը (Հիսուս) և Խոսքն (Հիսուս) Աստծո մոտ էր և Խոսքն (Հիսուս) Աստված էր»5:

Աստծո Որդու մասին Աստվածաշունչն ասում է. «որ Նրա փառքի լույսը լինելով և Նրա էության նկարագիրը…»6՝ «աներևույթ Աստծո պատկերն է…»7: Նա «Հզոր Աստվածն է և հավիտենականության Հայրը»8, Ով «Իր անձն ունայնացրեց և, ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և կերպարանքով մարդի պես գտնուելով, Իրեն խոնարհեցրեց»9: «Նրանում բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես»10: «Նրանով ամեն բան ստեղծվեց՝ ինչը, որ երկնքում է, և ինչը, որ երկրի վրա է՝ երևացողները և չերևացողները»11:

Հիսուս Ինքն Իր մասին ասում է. «Ինձ տեսնողը Հորը տեսավ»12: «Եվ Ինձ տեսնողը Ինձ ուղարկողին է տեսնում»13: «Ես և Հայրը մեկ ենք»14:

Թեև Նա լիովին Աստված էր՝ ինչ-որ իմաստով նաև լիովին մարդ էր: Նա քաղց էր զգում, քնում էր, արտասվում, ուտում և այլն: Նա շատ դժվարություններ կրեց, որոնց մենք էլ ենք բախվում մեր կյանքում: Այս պատճառով է Աստվածաշունչն ասում, որ Նա այնպիսին չէ, «որ չկարողանայ մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի»15:

Այսպիսով՝ Աստվածաշնչի Աստված մի կողմ չքաշվեց այս աշխարհի ցավերից, տառապանքներից ու նեղությունից, այլ կրեց կյանքի դժվարություններն այնպես, ինչպես մենք ենք կրում: Երկրային տարիների ընթացքում Նա շատ խոնարհ կյանքով ապրեց՝ ծնվեց աղքատ ընտանիքում, արտաքնապես չառանձնացավ մյուսներից, բախվեց անարդարությունների ու ատելության, անգամ սեփական ընտանիքի և ընկերների կողմից մերժվեց և կրեց սխալ դատավարության ծանր հետևանքները:

4. Աստված իսկապես հոգ է տանում մեր մասին

Մեզնից շատերն են փափագում լինել ընդունված ու սիրված: Մենք ուզում ենք, որ մարդիկ հոգ տանեն մեր մասին և դա անեն ոչ միայն խոսքով, որ նրանց հոգատարությունն ու կարեկցանքը հաստատվեն նաև գործերով: Իսկ արդյո՞ք նույնը ճիշտ չէ Աստծո դեպքում, նկատի ունեմ, որ արդյոք հրաշալի չէ՞ր լինի, որ Նա՛ հոգար մեր մասին և Իր սերն ու հոգատարությունը դրսևորեր շոշափելի ապացույցներով:

Աստվածաշնչի Աստված, իրոք, հոգ է տանում մեզ: Նա բառացիորեն ասում է դա Աստվածաշնչում. «Աստված սեր է»:16 Միայն բառերը չէ, որ փոխանցում են Աստծո սերն ու հոգատարությունը, այլ նաև՝ Նրա յուրահատուկ և սքանչելի գործերը: Նա ցու՛յց է տվել, թե որքա՜ն է հոգում մեր մասին…

«Սրանով Աստծո սերն երևաց մեզնում, որ Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ Նրանով կյանք ունենանք։ Սորանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն քավություն լինելու մեր մեղքերի համար»17: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»18:

Աստվածաշնչի Աստված ներկայանում է որպես սուրբ և կատարյալ էություն: «Աստված լույս է, և ոչ մի խավար չկա Նրանում»19: Լինելով այդպիսին՝ Նա փափագում է ունենալ նույնպիսի մաքուր և սուրբ հարաբերություններ, և սա է պատճառը, որ ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի Նա մեզ համար ճանապարհ պատրաստի Իր առջև սրբանալու համար: Հիսուս բարոյապես կատարյալ կյանք ապրեց, սակայն հետո ծեծվեց, կտտանքների ենթարկվեց և խաչվեց որպես «վճար»՝ այն բոլոր սխալների համար, որոնք մենք ասում ենք, անում կամ մտածում (դրանց կոչում են «մեղքեր»): Նա մեռավ մեր փոխարեն. «Որովհետև Աստված Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում»20: «Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ, և Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքը»21:

Աստված այնպես էր սիրում մեզ, որ Իր Որդուն ուղարկեց մե՛ր մեղքերի համար, մե՛ր փոխարեն մահանալու: Ահա՛, թե որքա՜ն էր Աստված ուզում փրկել մեզ: Նա պատրաստ էր անել ամեն անհրաժեշտ բան, միայն թե մենք ազատվեինք մեր մեղքերից: Հիմա արդեն մենք, շնորհիվ Որդու թափած արյան, կարող ենք լիովին ներված լինել և անկաշկանդ հարաբերություն սկսել Տեր Աստծո հետ:

5. Աստված վերահսկում է ամեն բան

Թվում է, թե աշխարհում կատարվող բոլոր ահավոր երևույթներն ապացուցում են, թե Աստված գոյություն չունի, այնպես չէ՞, սակայն, իրականում, դրանցից կարելի է նաև բոլորովին այլ հետևություններ անել: Նույնիսկ կատարյալ Աստված կարող է թույլ տալ, որ որոշ ժամանակ վատ բաներ կատարվեն՝ որպես մաս մի ավելի վեհ ծրագրի:

Աստվածաշնչի Աստված հենց այդպիսի Աստված է և ասում է, որ առանց Իր գիտության ոչինչ չի կարող տեղի ունենալ: Նա ինքնիշխան է և տիրում է բոլոր իրավիճակներին: «Ո՞վ է նա, որ ասի և կատարվի, եթե Տերը չի հրամայել»22: «Որ ասում եմ, թե Իմ խորհուրդը պիտի հաստատվի և անում եմ Իմ բոլոր ուզածը»23: «Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, Նրա սրտի մտածմունքները՝ ազգից մինչև ազգ»24: «Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ»25:

Սակայն, այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե ամեն կատարված բան Աստծո ցանկությամբ է և Նրա կամքով: Օրինակ՝ Հիսուս Իր աշակերտներին սովորեցնում էր աղոթել, որի հիմնական մտքերից մեկը սա էր. « թող լինի Քո կամքը, ինչպես Երկնքում, այնպես էլ՝ Երկրի վրա»26: Այսինքն՝ Աստծո կամքը միշտ կատարվում է Երկնքում, սակայն ոչ միշտ՝ Երկրի վրա: Թեև Աստված ինքնիշխան է և տիրում է ամեն բանի վրա, բայց Երկրի վրա կատարվող ամեն բան չէ, որ դուր է գալիս Նրան: Նա երբեմն թույլ է տալիս նաև, որ դրանք տեղի ունենան (Նրա թույլատրող կամքը)՝ որպես մարդկային էակներիս շնորհված կամքի ազատության դրսևորում:

Սակայն Աստվածաշնչի Աստված ծրագիր ունի և չի դադարի դա ի կատար ածելուց, քանի դեռ չի «կատարել իր սրտի խորհուրդները»27: Ո՞րն է Աստծո ծրագիրը: Աստծո վերջնական նպատակը Իր ժողովրդի հետ մի միջավայրում բնակվելն է, որը բացարձակապես տարբեր է մեր այսօրվա միջավայրից: Դա գալիք աշխարհն է, որի մասին Նա ասում է. «Ահա, Աստծո խորանը մարդկանց հետ, և Նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն Նրան ժողովուրդ, և Ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված։ Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից, և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան։ Եվ աթոռի վրա նստողն ասաց՝ ահա, ամեն բան նոր եմ անում»28:

6. Աստված կյանքին տալիս է իմաստ և նպատակ

Երբ մտաբերում ենք մի կարևոր հանձնարարության կամ գործի մասին, որն իրականացրել ենք, վստահաբար հիշում ենք նաև այն զգացողությունը, որն ունեցել ենք նպատակին հասած լինելուց հետո: Արդյոք սա ա՞յնն է, ինչն իմաստավորում է մեր կյանքը և դարձնում արժեքավոր: Հնարավո՞ր է, որ գոյություն ունի Աստված, Ով հատուկ նպատակի համար է մեզ կյանք պարգևել:

Այո՛: Հենց այսպիսին է Աստվածաշնչի Աստված: Նա խոստացել է, որ կարող է մեր կյանքը դարձնել իմաստալից և նպատակային: Նրա հետ հարաբերության շնորհիվ մենք ի զորու ենք դառնում իրականացնել այն «բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ»,29 մենք ունակ ենք լինում դրական փոփոխություններ առաջացնելու մյուսների կյանքում ևս և դառնում Աստծո կարևորագույն ծրագրի մի մասնիկը:

Աստվածաշնչի Աստված ասում է, որ Իր հետ հարատև հարաբերության պարագայում Նա կարող է մեր քայլերն այնպես առաջնորդել, որ մենք անենք այնպես, ինչպես Նրան է հաճելի: «Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»30: Անշուշտ, սա չի նշանակում, որ կյանքը կատարյալ է ու անթերի, չէ՞ որ կան հիվանդություններ, խնդիրներ, անձնական ձախողումներ և այլն, բայց սա նշանակում է, որ չլինելով կատարյալ՝ կյանքը, այնուհանդերձ, դառնում է լիառատ: Աստված ասում է, որ Իրեն ճանաչելու հետևանքներն են՝ «սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատքը, հեզությունն ու ժուժկալությունը»31:

7. Աստված առաջարկում է իրական իմաստավորում

Սիրո և ընդունված լինելու ձգտումներից զատ՝ շատերս ենք ցանկանում ապրել իմաստավորված կյանքով: Սա ծարավի նման մի բան է, որը հագեցում է փափագում, բայց, որքան էլ փորձում ենք, միևնույն է, բավարարում չի գտնում այնպիսի բաներում, ինչպիսիք են փողը, ունեցվածքը, սիրային հարաբերությունները, զվարճալիքները և այլն: Որպեսզի հագենա այդ ծարավը, պետք է ճանաչել Աստծուն՝ Նրան, Ում ներկայությունը հարատև բավարարվածություն է բերում կյանք:

Աստվածաշնչի Աստված առաջարկում է ապրել հնարավորինս իմաստալից կյանքով: Հիսուս ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան, և է՛լ ավելի ունենան»32: Եվ նաև ասում է. «Ես եմ կյանքի հացը. Ինձ մոտ եկողը չի սովի և Ինձ հավատացողը երբեք չի ծարավի»33: Այսպիսով՝ Աստվածաշնչի Աստված խոստանում է հագեցնել մեր ներքին այն ծարավը, որն ուրիշ ոչ մի բանով չի հագենում, և ուրիշ ոչ ոք դա չի կարող հագեցնել (հնարավոր է, որ հենց Նա է մեզ այդպիսին արարել):

Փափագելով կատարյալ Աստծուն

Ըստ Աստվածաշնչի՝ կա միայն մեկ ճշմարիտ Աստված և Արարիչ, և այդ Աստված կատարյալ է: Մենք չենք կարող մեր երևակայության արդյունքում մեկ այլ Աստծո գոյություն պատկերել, բայց եթե նույնիսկ կարողանայինք, ապա ինչու՞ պիտի ուզենայինք անել այդ անհավանական բանը: Ճշմարիտ Աստված արդեն իսկ հնարավոր ամենալավ Աստված է:

Այս հոդվածն ընդամենը մի շատ հպանցիկ հայացք է՝ նետված Աստվածաշնչի Աստծո որակների՝ շատ ընդգրկուն թեմային: Եթե ցանկանում ես ավելի խորն ուսումնասիրել այս թեման, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ Աստվածաշնչի այն բաժինը, որը կոչվում է Ավետարան՝ ըստ Հովհաննեսի: Եթե դու անկեղծ ես, և քանի որ Աստվածաշնչի Աստված իրական է, ապա շատ տրամաբանական է, որ Աստված կարձագանքի քեզ, չէ՞ որ Նա ասում է. «Ես Ինձ սիրողներին կսիրեմ, և Ինձ կանուխ որոնողները կգտնեն Ինձ»34: «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ»35:

«Ճշմարիիտ Աստված արդեն իսկ հնարավոր ամենալավ Աստված է»:

Գուցե մտածում ես, թե ինչպե՞ս կարող ես ճանաչել այս կատարյալ Աստծուն: Աստծո հետ հարաբերություն սկսելը շատ նման է ամուսնական հարաբերություններին, այսինքն՝ սկսվում է կամավոր որոշմամբ: Աստծո հետ հարաբերությանը սկիզբ է դրվում, երբ Նրան ասում ես. «ես կամենում եմ»…

Հիսուս Քրիստոս մահացավ մեր մեղքերի համար, երրորդ օրը հարություն առավ և այսօր էլ ողջ է ու կենդանի: Նա այժմ մեզ նոր կյանք է առաջարկում, եթե միայն վստահենք Նրան և մեր մեղքերի համար թողություն հայցենք. «Եվ սա է Ինձ ուղարկողի կամքը, որ յուրաքանչյուրն, ով տեսնի Որդուն և հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա, և ես վերջին օրում հարություն կտամ նրան»36:

Աստված անաչառ է: Բոլոր մարդիկ են ստեղծվել Նրա պատկերով և նմանությամբ: Նրա հավիտենական ընտանիքն այսպիսինն է՝ «մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող հաշվել՝ ամեն ազգից և ցեղերից և ժողովուրդներից և լեզուներից»37: Քո կյանքի ոչ մի մեղք չի կարող քեզ հետ պահել Նրա հետ հարաբերություն սկսելու համար: Մեղքի հարցը Նա լուծել է խաչի վրա՝ կամովին խաչվելով: Այժմ հերթը քոնն է, որպեսզի հավատաս, որ քո՛ փոխարեն Քրիստոս մեռավ և հարություն առավ, որպեսզի թողություն ստանաս անցյալում գործած բոլոր մեղքերիդ համար:

Երբ Աստծո հետ սկսես քո հարաբերությունը, պետք է գիտակցես, որ այն հավիտենական հարաբերություն է, և պետք է կենդանի լինի նաև այսօր, հարաբերություն, որը ժամանակի հետ պետք է ավելի ու ավելի սերտանա: Ցանկացած հարաբերության նման, այն կարող է ունենալ իր վերելքներն ու անկումները, ուրախության ու ցավի պահերը, սակայն դու կլինես քեզ ստեղծած Աստծո հետ հարաբերության մեջ, Ով հենց դրա համար էլ ստեղծել է քեզ (Իրեն ճանաչելու համար):

Զգո՞ւմ ես՝ Աստված ինչպես է թակում սրտիդ դուռը: Նա ասում է. «Ահա, Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ: Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ և նա՝ Ինձ հետ»38: Եթե հենց հիմա ուզում ես Աստծուն հրավիրել սրտիդ մեջ, ապա կարող ես աղոթել այսպես (կարևորը բառերի ճշգրիտ կրկնությունը չէ, այլ քո սրտի անկեղծությունը).

- Սիրելի Աստված, ես խոստովանում եմ, որ մեղավոր մարդ եմ: Շնորհակալ եմ, որ վերցրել ես իմ մեղքերը Քեզ վրա՝ Հիսուսի Քրիստոսի խաչի վրա կատարած զոհաբերության շնորհիվ: Ես ուզում եմ, որ ներես ինձ և ուզում եմ կապվել քեզ հետ: Ես խնդրում եմ Քեզ մուտք գործել իմ կյանք՝ որպես իմ Տեր և իմ Փրկիչ, այսուհետ լինել իմ Աստվածը և ինձ դարձնել այնպիսին, ինչպիսին Դու ես ուզում ինձ տեսնել:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Եսայիա 45:12 (2) Եսայիա 46:9 (3) Հայտնություն 1:8 (4) Հովհաննես 17:3 (5) Հովհաննես 1:1, 14 (6) Եբրայեցիս 1:3 (7) Կողոսացիս 1:15 (8) Եսայիա 9:6 (9) Փիլիպեցիս 2:7,8 (10) Կողոսացիս 2:9 (11) Կողոսացիս 1:16 (12) Հովհաննես 14:9 (13) Հովհաննես 12:45 (14) Հովհաննես 10:30 (15) Եբրայեցիս 4:15 (16) Ա Հովհաննես 4:8, 16 (17) Ա Հովհաննես 4:9-10 (18) Հովհաննես 3:16 (19) Ա Հովհաննես 1:5 (20) Բ Կորնթացիս 5:21 (21) Եսայիա 53:6 (22) Ողբ 3:37 (23) Եսայիա 46:10 (24) Սաղմոս 33:11 (25) Առակաց 19:21 (26) Մատթեոս 6:10 (27) Երեմիա 23:20 (28) Հայնություն 21:3-5 (29) Եփեսացիս 2:10 (30) Առակաց 3:6 (31) Գաղատացիս 5:22-23 (32) Հովհաննես 10:10 (33) Հովհաննես 6:35 (34) Առակաց 8:17 (35) Մատթեոս 7:7 (36) Հովհաննես 6:40 (37) Հայնություն 7:9 (38) Հայնություն 3:20

Կիսվել ուրիշների հետ:  

TOP